11/02/2016 14:46
Սա ոչ սիթքոմ է, ոչ էլ սերիալ, այլ թոք-շոուի ժանրում ծիծաղաշարժ հաղորդում. «Vitamin» ակումբի տղաները հանդես կգան նոր նախագծով
«Vitamin» փրոդաքշնը Շանթ հեռուստաընկերության եթերում հանդես կգա նոր՝ «Կասկածելի երեկո» նախագծով, որի հիմնական հերոսներն են Գարիկ Պապոյանը և Ռոբերտ Մարտիրոսյանը: «Սա ոչ սիթքոմ է, ոչ էլ սերիալ, այլ թոք-շոուի ժանրում ծիծաղաշարժ հաղորդում է: Կարծում եմ, նորություն է և թարմ շունչ, դրական տրամադրություն կհաղորդի երեկոյան ժամերին: Չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, քանի որ փորձում ենք խորհրդավորությունը պահել: Սակայն ամսի 20-ից հետո սպառողն առավել տեղեկացված կլինի այս նախագծից»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Vitamin» փրոդաքշնի գլխավոր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը:
Նկարահանումները, հավանաբար, կսկսվեն այս ամսվա վերջին՝ «Vitamin» ակումբի տաղավարում: Մեր այն հարցին, թե արդյոք վիտամինցի մյուս տղաները ներգրավված կլինեն նոր նախագծում, թե ոչ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախագծի ընդհանուր աշխատանքներին, բնականաբար, ներգրավված են բոլորը, սակայն բեմում կլինեն Գարիկն ու Ռոբերտը: Տղաների մյուս մասը մեկ-մեկ՝ հյուրի կարգավիճակով կլինի: Պարզապես, հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ շատերը չեն կարող ներգրավվել»:
Ստեղծագործական կազմը նախատեսում է նոր աշխատանքը ակնդիրներին հանձնել մարտ ամսից՝ շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ կամ շաբաթ երեկոյան, 30-40 րոպե տևղությամբ: