12/02/2016 19:09
Փետրվարի 14-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալ է սպասվում
Նրանց երգերը սիրո, ազատության և երջանկության մասին են…Վառ և տաղանդավոր կատարողներ հինգ երկրներից`Ռուսաստան, ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, Իսպանիա: Յուրահատուկ և անմոռանալի կատարումներ, երաժշտական ինքնատիպ լուծումներ: 2000 թվականին ստեղծված D’Black Blues Orchestra-ն ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում`ներկայացնելով դասական բլյուզային և ջազային ստանդարտները` թարմ մոտեցմամբ:
2008-ին նվագախումբն իր երկրորդ ծնունդն ապրեց`ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի շնորհիվ, ով հաջողակ գործարարի դասական օրինակ է: Նա «Ռոսնանո» կորպորացիայի կառավարման խորհրդի ղեկավարի տեղակալն է, և իր մեծ ներդրումն ունի Դիլիջանի միջազգային դպրոցի, «100 LIVES» նախագծի, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվելիք «Ավրորա» մրցանակաբաշխության կայացման գործում: Ավետիսյանը Ռուսաստանում բնակվող ամենահաջողակ և ազդեցիկ հայերից է:
Վլադիմիր Ավետիսյանի տարերքը երաժշտությունն է: D’Black Blues Orchestra-ի մենակատարը խոստովանել է, որ հինգ տարեկանում նրա մայրը տանում էր նրան Սամարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, որոնք մեծ ազդեցություն են թողել Ավետիսյանի հետագա երաժշտական գործունեության վրա: Նա սկսել է սիրով և հետաքրքրությամբ լսել երաժշտություն: Վլադիմիր Ավետիսյանն իր երաժշտական գործունեության ընթացքում D’Black Blues Orchestra-ի հետ 2013-ին համերգներ է ունեցել Դիլիջանում և Արցախում:
Երաժիշտը մանուկ հասակից The Beatles-ի երկրպագուներից է: Սակայն հենց ճանաչված բրիտանացի երաժիշտ և երգահան Էրիկ Կլեպտոնի ստեղծագործական ժառանգության հետ յուրահատուկ «հանդիպումը» փոխեց Ավետիսյանի կյանքը: Նա ռուսերեն է թարգմանել Կլեպտոնի կենսագրությունը, ունի նրա մակագրած կիթառը, նվիրած ժամացույցը: Վլադիմիր Ավետիսյանի համար Էրիկ Կլեպտոնը մեր օրերի ամենալուրջ, հեղինակավոր երաժիշտներից մեկն է:
Փետրվարի 14-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալ է սպասվում: Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն կներկայացնեն բացառիկ համերգ`նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգային երեկոն տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Սերգեյ Սմբատյան):
«Total Production» ընկերությունն իր հետ Հայաստան կբերի բարձրորակ լուսաձայնային տեխնիկա, որի առկայությունը մեր երկրում աննախադեպ է, քանի որ այն շատ թանկարժեք է:
Համերգին կնախորդի ջեյմսեյշնը (Jam Session), որը տեղի կունենա Yans ակումբում`փետրվարի 13-ին: Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra-ի հետ կնվագեն հայ երաժիշտները:
Ունկնդիրներին սպասվում է բացառիկ համերգային երեկո և ջեյմսեյշն`բացառիկ արտիստների մասնակցությամբ, որոնց համար նույնպես Հայաստան գալը տոն է: