12/02/2016 15:29
Երբ լսում եմ, թե ինչպես է հնչում իմ ազգանունը հայերեն, հասկանում եմ՝ ինչու եմ երաժշտությամբ զբաղվում. Վահան Ավետիսյան
D’Black Blues Orchestra-ն փետրվարի 14-ին կներկայացնի բացառիկ համերգ՝ նվիրված հայտնի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Ինչպես ավեի վաղ տեղեկացրել էինք՝ համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի ընթացքում կհնչեն սիրված երգչի ստեղծագործությունները: Կհնչեն նաև Բոբ Մարլիի ստեղծագործություններից: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում D’Black Blues Orchestra խմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ այս ֆորմատի համերգով առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում: Երաժիշտն առաջին անգամ է ծանոթանում Սերգեյ Սմբատյանի հետ, որի հետ նախատեսել են փետրվարի 14-ին կայանալիք համերգը: «Սերգեյ Սմբատյանի հետ այսօր առաջին անգամ ծանոթացա, փետրվարի 14-ին կլինի մեր առաջին հանդիպումը՝ հանդիսատեսի աչքի առաջ»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեև անձամբ ծանոթ չէ Կլեպտոնի հետ, սակայն սիրում է նրա ստեղծագործությունները: «Փոքր տարիքից լսել եմ Կլեպտոնի երաժշտությունը: Եղել եմ նաև նրա լոնդոնյան գրասենյակում»,- ասաց նա:
Վ. Ավետիսյանը թեև չցանկացավ բոլոր փակագծերը բացել, սակայն նշեց, որ անմոռանալի համերգ է սպասվում: «Երբ լսում եմ, թե ինչպես է հնչում իմ ազգանունը հայերեն, հասկանում եմ՝ ինչու եմ երաժշտությամբ զբաղվում»,- հավելեց նա՝ նշելով, որ երեկոն լի է լինելու անակնկալներով:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ իր հերթին նշեց, որ փետրվարի 14-ին կայանալիք համերգը շատ սպասված է: «Մեզ համար այս համերգը շատ կարևոր է: Կարևոր է նաև մատուցվող երաժշտության որակն ու ժանրը: Նման ձևաչափով մենք դեռ համերգ չենք կազմակերպել: Փետրվարի 14-ին երաժշտասերները կունկնդրեն կայացած մի երևույթ, որը շատ դրական լիցքեր կհաղորդի»,- ասաց նա:
D`Black Blues Orchestra նվագախմբի երաժշտական մասի ղեկավար Պավել Պլակսինը ևս Հայաստանում լինում է առաջին անգամ: Իր խոսքում նա նշե,ց, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցից: «Այստեղ կա ամեն ինչ, ազատություն, սեր….Ամբողջ ժամանակ կարծես թռչում ես ամպերում, նոր մարդիկ, նոր դեմքեր, որոնց հետ ուզում ես ծանոթանալ»,- ասաց նա:
Վերջինս նույնպես ընսգծեց, որ հայ հանդիսատեսին անմոռանալի երեկո է սպասվում: «Հեմարգը շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց նա: