13/02/2016 12:04
Հնչել են Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները
Երեկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները։ Ելույթ են ունեցել Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Ջուլիետա Բերբերյանը (սոպրանո), Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը (Էրիկ Մանուկյան՝ առաջին ջութակ, Անի Ադիկյան՝ երկրորդ ջութակ, Ելենա Հայրապետյան՝ ալտ, Էլյա Բալասանյան՝ թավջութակ)։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։