13/02/2016 10:15
Ես և Կարենը չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, «շոկի» մեջ էինք. Ժակլին Սարխոշյան (Լուսանկարներ)
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանի համար այս տարի ծննդյան օրը նշանավորվեց նաև մեկ այլ տոնով: «Հունվարի 26-ին իմ տարեդարձն էր ու մեր բեյրութահայ ընկերները՝ Արմիկն ու Սեպուհը, անակնկալ մատուցեցին մեզ. իրենց տուն հրավիրեցին, մինչև ներս մտնելը՝ իմ գլխին քող դրեցին ու ձեռքս տվեցին սպիտակ վարդերով հավաքված հարսանյաց ծաղկեփունջ, Կարենին էլ փողկապ կապեցին ու հարսանեկան քայլերգի ներքո ներս հրավիրեցին: Իրենց փոքրիկ աղջիկն էլ մեր առջև ծաղկի թերթիկներ էր ցփնում: Նաև հյուրեր էին հրավիրել, մտածելով ու գլխի ընկնելով, թե ո՞ւմ կցանկանայինք տեսնել այդ կարևոր օրը մեր կողքին: Նրանք մանրակրկտորեն ամեն ինչ մտածել ու իրագործել էին: Նշեմ, որ միտքը ծագել է Արմիկի, Աստղիկի ու Կամիլայի մոտ: Ամեն ինչ այնքան խորհրդավոր ու գեղեցիկ էր՝ սկսած սեղանի ձևավորումից ու տորթից: Անգամ տարոսիկներ էին պատրաստել, խվածքաբլիթի վրա մեր անուններն էին փորագրել: Մեր անուններով սրբիչներ էին կարել»,-հուզված մանրամասնեց պարուհին:
Ի դեպ, Ժակլինն ու «Բարեկամություն» անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանն այս ամռանը Հայաստանում օրինականացել էին իրենց 4-ամյա համատեղ կյանքը, որին, սակայն, չէին կարողացել ներկա գտնվել լիբանանյան ընկերները, ինչն էլ դարձել էր նման միջոցառման կազմակերպման պատճառ: Հյուրերի շարքում էին նաև պարուհու դուստրը, ով ձմեռային արձակուրդներն անցկացնում էր Լիբանանում և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը՝ տիկնոջ հետ, ովքեր աշխատանքային այցով երկու ամիս այնտեղ են լինելու: «Մենք ամռանը զագսով ամուսնացել էինք, բայց եկեղեցով՝ ոչ: Արմիկն ասել էր՝ Ձեր հարսանիքն այստեղ պետք է անենք: Ասեց ու խոսքի տերը եղավ: Ես և Կարենը չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, «շոկի» մեջ էինք: Երբեք ու ոչ-ոք մեզ համար այսքան անսպասելի բան չէր արել ու չէինք պատկերացնում, որ կանեն: Արմիկի և Սեպուհի աղջիկը՝ Նանարը, վալս նվագել էր սովորել ու դաշնամուրի վրա նվագեց, ես ու Կարենն էլ պարեցինք: Ամենակարևորը հարս ու փեսայի պարն էր, այն էլ՝ կենդանի երաժշտությամբ»,-ոգևորությամբ նշեց մեր զրուցակիցը:
Վաստակավոր արտիստուհին այսօր միայն մեկ երազանք ունի՝ ընտանիքի անդամները, սիրելիները առողջ լինեն, երջանիկ ու միշտ իր կողքին: «Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ամեն ինչից զատ նաև լավ ընկերներ ունեմ աշխարհի տարբեր ծայրերում՝ Հայաստան, Ռուսաստան, Լիբանան, Արգենտինա, Ֆրանսիա, Պարսկաստան»:
Հիշեցնենք, որ ամուսինները գործնական հրավերով գտնվում են Բեյրութում և Հայաստան կվերադառնան մայիս ամսին:
Aysor.am-ը, միանալով ընկերների և հարազատների շնորհավորանքներին, երջանկություն, բարեկեցություն, սեր ու խաղաղություն է մաղթում Ժակլին Սարխոշյան-Կարեն Մատինյան գեղեցիկ ընտանիքին: