13/02/2016 16:06
Կլինի արդյոք Լենինի արձանի տեղում Հերմինե Ստեփանյանի բնորդությամբ հուշարձան. մեկնաբանում է հաղորդավարուհին
Արդեն մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում ու քննարկվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո ծրագրի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանին ուղղված առաջարկ-նամակը: Aysor.am-ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ՝ տեղեկանալու մանրամասներին:
«Նախ ասեմ, որ նամակն ուղարկվել էր Հանրային հեռուստաընկերություն: Երբ փոխանցեցին այն ինձ, բնականաբար, շատ շոյվեցի: Միշտ էլ հաճելի է, երբ հաճոյախոսություններ ես լսում: Բացի այդ, կրկնակի հաճելի է, երբ դրականորեն գնահատում են արտաքին տվյալներդ, գովեստի խոսքեր հնչեցնում: Երբ նաև ավագ սերնդի ուշադրության կենտրոնում ես: Նամակին կից կար հեղինակի գրած ստեղծագործություններով գիրք, որն ընթերցելով՝ հասկացա, որ կրթված ու զարգացած մարդու հետ գործ ունեմ»,-նշեց նա:
Առաջարկն անպատասխան չի մնացել: Հաղորդավարուհին զանգահարել է նամակագրին, շնորհակալական ջերմ խոսքեր հայտնել, բայց՝ առաջարկը մերժել. «Չէի մտածում, որ այս նամակն այսպիսի հնչեղություն կունենա: Կոլեգաներս էլ կփաստեն, որ հաղորդավարները, արտիստները բավական հաճախ են նմանատիպ նամակներ ու առաջարկներ ստանում ու սա չափազանց առանձնահատուկ կամ չլսված դեպք չէ»:
Բնորդուհու կարգավիճակով հանդես գալու առաջարկը մեր զրուցակցի համար էլ առաջին անգամ չէր: «Թեև քանդակի՝ սա իմ առաջին առաջարկն էր, բայց կտավի վրա պատկերելու առաջարկներ շատ են եղել ժամանակակից հեղինակավոր հայ նկարիչների կողմից: Բայց դրանք միշտ քննարկման փուլում են մնացել, դեռևս գործնական փուլ չեն հասել: Պատահել է, երբ պարզապես երկրպագուներս են արդեն իսկ պատրաստի լուսանկարից վերանկարել և ուղարկել նվեր»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:
«Համաշխարհային կերպարվեստի մասշտաբով, երբ նայում ես, հասկանում ես, որ նկարչի վարպետությունից ոչ պակաս կարևոր է նաև, թե ով է բնորդը: Շատ հաճախ հանդիպում ենք կտավների, որոնց բնորդներն ու նրանց օգնությամբ ծնված կերպարներն ավելի հայտնի են, քան՝ հենց հեղինակները: Այդ իմաստով պետք է կրկնվեմ և նշեմ, որ մշտապես հաճելի է նման առաջարկներ ստանալը: Հայուհուն նվիրված արձանների, կտավների, ֆիլմերի ու գրական երկերի պահանջ, կարծում եմ, միշտ կա և հայ ստեղծագործողները, որպես հավերժական թեմա, պետք է անդրադառնան, իսկ հայ կանայք էլ միայն երջանիկ կլինեն դրանից»,-ժպիտով իր խոսքը եզրափակեց Հերմինե Ստեփանյանը: