15/02/2016 16:35
Ինչպես յուրաքանչյուր հայկական ընտանիքում՝ ադաթներով նշանդրեք ենք արել. Դինա Ակոպովնա
Տեառընդառաջի օրը կրկնակի ուրախություն էր հաղորդավարուհի Դիանա Ակոպովնայի ընտանիքում: Նրա դուստրը՝ 21 ամյա Իննա Կարապետյանն ու 26-ամյա Էդգար Մուրսալյանը նշանադրվեցին. «Երկկողմ համաձայնությամբ՝ հատուկ այդ օրն էինք ընտրել: Կարևորը, որ նրանք երկուսով եկել էին այն գիտակցության, որ իրենց միության ժամանակն է»,-Aysor.am-ին տեղեկացրեց երջանիկ մայրիկը:
Միջոցառումն անցել է հայկական ավանդույթների համաձայն, ներկա են գտնվել ընտանիքի անդամներն ու հարազատները: «Նշել ենք իմ հայրական տանը, որտեղ ես եմ ծնվել ու մեծացել, դուստրս է ապրել 21 տարի: Ինչպես յուրաքանչյուր հայկական ընտանիքում՝ ադաթներով նշանդրեք ենք արել»:
Երիտասարդ զույգը հանդիպում է նախորդ տարվա մայիս ամսից՝ մայրիկի իմացությամբ ու թույլտվությամբ: Հարսանիքն էլ, ըստ էության, սպասեցնել չի տա: «Աղջիկս ընկերոջն առաջինն ինձ հետ է ծանոթացրել, ես էլ իմ հավանությունը տալուց հետո՝ ընտանիքիս անդամներին ներկայացրեցի: Առաջին իսկ հանդիպումից շատ լուրջ և խելացի տղայի տպավորություն է թողել ինձ վրա: Աղջկաս բնավորությունն իմանալով ու իմ անցած տարիների փորձը հաշվի առնելով՝ այլևս ոչ մի ձև չեմ խառնվել իրենց հարաբերություններին: Իննաս սովորում է Թատերական ինտիտուտում՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում, 4-րդ կուրսում է: Որքան հասկացել եմ, իրենք ցանկանում են աղջկաս ավարտելուց հետո անմիջապես ամուսնանալ: Հավանաբար, հունիսին լավ առիթ կունենանք: Իրենք գիտեն»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե երիտասարդ հաղորդավարուհին ինչպե՞ս է իրեն զգում «զոքանչի» կարգավիճակում և ինչպիսի՞ն են փեսա-զոքանչ հարաբերությունները՝ Դ. Ակոպովնան ծիծաղելով պատասխանեց. «Իմ կարծիքով, թե՛ բնավորությամբ, թե՛ տեսակով, առավել ևս՝ ավանդական հարաբերություններով, ես բոլորովին նման չեմ զոքանչի ու չեմ էլ պատրաստվում ստանձնել զոքանչի պարտականությունները: Մենք ընկերներ ենք, ես շատ եմ գնահատում Էդգարի դաստիարակությունը: Բանիմաց, խելացի, չափված տղա է: Շատերը, երբ իմանում են, որ 21 տարեկան աղջիկ ունեմ, շոկ են ապրում Համոզված եմ, սիրտս ու հոգիս ինձ դեռ շատ երկար ժամանակ երիտասարդ կպահեն»: