16/02/2016 20:15
Երազանք ունեմ, բայց դրա մասին չեմ բարձրաձայնի. Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը տոնում է ծննդյան օրը
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական և Պատանի հանդիսատեսի թատրոնների դերասանուհի Մարիամ Ղազանչյանը տոնում է ծննդյան 30-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով դերասանուհուն, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում է հոբելյանական տոնը նշելու:
«Ծննդյանս տոնը նշելու եմ թատրոնում, քանի որ այսօր երկու փորձ ունեմ: Վաղը մեր թատրոնում պրեմիերա է, բեմում ենք լինելու «Օզ երկրի հրաշագործը» ներկայացմամբ, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Փորձից հետո թատրոնում կշարունակենք իմ ծննդյան միջոցառումը»,-ժպիտով մանրամասնեց հոբելյարը:
Ծանոթ լինելով ամուսնու՝ ռեժիսոր Կարապետ Բալյանի, նաև՝ ընկերների նախասիրություններին, դերասանուհին վստահ է, որ այսօր իրեն բավական հետաքրքիր և ինքնատիպ անակնկալներ են սպասվում: Իսկ շնորհավորանքներ, բնականաբար, արդեն ստացել է: «Առաջինն ինձ շնորհավորել են ընտանիքիս անդամները՝ ամուսինս, աղջիկս, ծնողներս և սկեսուրս: Ինչ վերաբերում է անակնկալներին, Կարոյից դա սպասելի է. կարծում եմ, ամեն ինչ առջևում է, չէ՞ որ օրը չի ավարտվել»:
Շատերիս համար ծննդյան օրվա խորհրդավորությունը կայանում է նրանում, որ սիրում ենք երազանքներ պահել ու հավատալ դրանց իրականացմանը: Նաև վերլուծում ենք անցած տարիներն ու փորձում հասկանալ՝ ո՞րն է մեր ձեռքբերումը: «Այս տարիների ամենամեծ ձեռքբերումն աղջիկս է: Իհարկե, երազանք ունեմ, բայց դրա մասին չեմ բարձրաձայնի: Խոստանում եմ՝ հենց կատարվեց, անպայման կասեմ»,- ասաց դերասանուհին: