17/02/2016 19:40
Ճիշտ է, հայրական տանից առանձնանում ենք, բայց մեր ընտանիքում կա այն աղջիկը, ում մարմնավորում է Իվետան. Անդրանիկ Հարությունյանն ու Իվետա Եդիգարյանը «Խոպանի տեսություն» սիթքոմում
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիթքոմը շուտով կսկսի իր երկրորդ եթերաշրջանը՝ «խոպանից» վերադարձած հերոսներով: Սիթքոմի առանցքային կերպարում հանդես է գալու նաև դերասան Անդրանիկ Հարությունյանը, ում հեռուստադիտողը մեծամասամբ սովոր է հանդիպել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
«Համագործակցությունը մյուս հեռուստաընկերությունների հետ ևս կշարունակեմ, այնպես չի, որ մշտական բնակություն եմ հաստատելու «Շանթ»-ում: Կարծում եմ, այստեղ էլ աշխատանքս սիրով կկատարեմ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Բոլորին հայտնի Անդոն մարմնավորելու է ընտանիքի «խոպանչի» տղաներից մեկին՝ Սուրենին, ով նախորդ եթերաշրջանի ամբողջ ընթացքում գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: «Աննային մարմնավորող Անի Պետրոսյանի ամուսնու կերպարում եմ հանդես գալու, ով վերադառնում է «խոպանից»: Ցավոք, ուզում է նորից ետ վերադառնալ, բայց, քանի որ թղթաբանական խնդիրներ ունի, դրսում՝ պարտքեր՝ չի կարողանում: Կերպարս, բնականաբար, հումորային է: Փորձելու ենք այնպես անել, որ եթե, օրինակ, մինչ այս՝ սիթքոմը մեկ միլիոն հեռուստադիտող ուներ, դառնա մեկ միլիոն ու մեկ»,- հավելեց նա:
Կերպարը ստանալու համար Ա. Հարությունյանը արտաքին որոշակի փոփոխություններով կներկայանա. «Որպես արտաքին բաղադրիչ՝ կավելանա միայն բեղերը, մնացածն արդեն իմ խաղի արդյունքը կլինի»:
Սիթքոմի նկարահանումները սկսվում են վաղվանից, եթերում էլ այն կհայտնվի, հավանաբար, մարտ ամսից: Մեծամասամբ, երբ դերասանը կամ հաղորդավարը մի հեռուստաալիքից մյուսն է տեղափոխվում, դա կապում են կոնֆլիկտային հարաբերությունների հետ: «Այնպես չի, որ ես «Արմենիա» հեռուստաընկերության դերասան եմ: Մինչ այսօր այնտեղ աշխատել ենք այն տարբերակով, որ մեր մասնակցությամբ հեռուստաարտադրանքը «Kargin» փրոդաքշնը վաճառել է տվյալ հեռուստաընկերությանը: Այդպես է եղել իմ և «Արմենիա» TV-ի համագործակցությունը: Այժմ առաջարկ եղավ «Շանթ» TV-ից, ես էլ փորձեցի աշխատել նաև իրենց հետ: Որքան հիշում եմ, սա միակ հեռուստաընկերությունն էր, որի շրջանակներում չէի երևացել: Ինչո՞ւ ոչ, փորձեցի ինձ տեսնել նաև «Շանթ»-ում: Տեսնենք, թե որքան կտևի այդ համագործակցությունը: Ամեն դեպքում, կարելի է ասել՝ մուտքը «խերով» է, մնացածը կերևա առաջիկայում»,-նշեց դերասանը:
Դեռևս որոշված է՝ Անդոն «Խոպանի տեսությունում» կլինի ամբողջ 2-րդ եթերաշրջանի ընթացքում: Հետաքրքրվեցինք, թե բացի իրենից ի՞նչ այլ նոր դերասաններ են ներգրավված: «Գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր դերասանական կազմից պակասել են: Նոր կերպարները երկուսն են դեռևս՝ իմ կերպարն ու Իվետա Եդիգարյանի մարմնավորած հարևանուհու կերպարը, ով իր տունը վարձով է տալիս Սուրենի ու Աննայի ընտանիքին: Ճիշտ է, հայրական տանից առանձնանում ենք, բայց մեր ընտանիքում կա այն աղջիկը, ում մարմնավորում է Իվետան… Խոսակցություններ կան, որ «խոպանից» նաև մյուս «եղբայրս» վերադառնա, բայց դեռևս դերասան չի ընտրվել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մեր այն նկատառմանը, որ գուցե Անդոյից անբաժան Ռաֆոն միանա «Խոպանի տեսությանը», ժպիտով պատասխանեց. «Ռաֆոն իր համար «Քարե դարդում» դարդվում է, չեմ կարծում, որ իրեն կհրավիրեն, կամ ինքը կգա: Բարդ կլինի համատեղելը»
Ժամանակի սղության պատճառով մինչ այս սիթքոմին չի հետևել: Ի դեպ, մեր այն դիտարկմանը, թե արդյոք բարդ չէ թատերական գործունեությանն ու վերջերս ձեռք բերած տնօրենի աշխատանքին զուգահեռ մեկ նախագծում ևս հանդես գալ, կատակելով պատասխանեց: «Նախ, ես շատ զբաղված էի թատրոնի փորձերով, կողմնակի աշխատանքներով ու չէի կարող հեռուստացույց դիտել: Հատկապես, որ այդ ժամերին տանը չէի լինում… Եվ հետո, մենք հեռուստացույց չունեինք, նոր եմ հեռուստացույց առել, ինձ թվում է՝ այսուհետ կսկսեմ նայել… Ինչ վերաբերում է բազմազբաղվածությանը, լսել եմ, որ շուտով վարչապետի աշխատանք է ազատվելու, կարող է ես տեղավորվեմ: Մի խոսքով, ամեն ինչ խառն է: Օրը մեջ մի նոր բան լինում է, ես էլ, միանշանակ, ուզում եմ այս կյանքում ինձ ամենուր փորձել: Իհարկե, միակ տեղը, որը ողջ կյանքում իմն է լինելու՝ իմ թատրոնն է, իմ կոլեկտիվը, իմ ընկերներն ու իմ Արա Երնջակյանը: Վայր, որտեղ եմ 2002 թվականից ու երբեք չեմ փոխի ոչնչի հետ: Եթե կողմնակի աշխատանքներից որևէ մեկն ինձ խանգարի, անմիջապես կթողնեմ այն»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը: