18/02/2016 15:32
Փոխվել են Եվրատեսիլի քվեարկության կանոնները
«Եվրատեսիլ» երգի միջազգային ամենամյա մրցույթի կանոններում իրականացվել են լուրջ փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են մրցույթի պաշտոնական էջում, որտեղ նշվում է նաև, որ 1975 թվականից ի վեր սա առաջին և ամենալուրջ փոփոխություններ են:
Ըստ հրապարակված նյութի՝ փոփոխության են ենթարկվել մասնավորապես եզրափակչում քվեարկության կանոնները և տեղեկացնում, որ եթե նախկինում ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես մեկ միասնական արդյունք, ապա այս տարվանից ժյուրին և հանդիսատեսը կստանան առանձին գնահատականներ (1-ից 8, 10 և 12)։
Նոր կանոնների համաձայն՝ հանդիսատեսը կքվեարկի հեռախոսով, SMS-ի օգնությամբ կամ պաշտոնական հավելվածի միջոցով, ինչից հետո 43 մասնակից երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կներկայացնի ժյուրիի գնահատականները։
Հանդիսատեսի քվեարկության արդյունքներն այդ ընթացքում կմիավորվեն, որպեսզի ստացվի մեկ միավոր յուրաքանչյուր երգի համար։ Այդ արդյունքները կհայտարարի «Եվրատեսիլի» հաղորդավարը։
Ինչպես հայտնում են մրցույթի ներկայացուցիչները, այդպիսի փոփոխությունները թույլ կտան հանդիսատեսի շրջանում ամենահայտնի երգին ստանալ 12 միավոր՝ անկախ ժյուրիի քվեարկության արդյունքներից: Հայտնում են նաև, որ նախորդ տարիներին հաղթողը կարող էր հայտնի լինել քվեարկության ավարտից 20 րոպե առաջ, և նոր ձևաչափն աժիոտաժ կհաղորդի մրցույթին։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, երկրորդը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին։