18/02/2016 19:30
Շատ չար մարդիկ կան, որ մեզ նախանձում են. Սոնա Շահգելդյան
Վերջին շրջանում հետաքրքիր տենդենց է նկատվում մեր հայտնիների մոտ. ճիշտ է, նորապակներն իրենց կողակիցներին, նաև փոքրիկներին հասարակությանը ներկայացնելուց չեն խուսափում, բայց ոչ ամբողջական տեսքով: Համացանցում են հայտնվում նրանց մերթ ձեռքերը, մերթ էլ ոտքերը, ինչը մեծամասամբ բացասական մեկնաբանություների առիթ է դառնում: Օրինակները քիչ չեն. Սիրուշո, Էմմի, Մարիամ Մելիքյան… Երեկ այդ շարքին ավելացավ նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ հրապարակելով գրեթե երկու ամսական որդու թաթիկի լուսանկարը:
«Ով ինչ ուզում է, թող ասի, թաթիկի նկարն եմ գցել, որովհետև այդպես եմ ուզել: Ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը, բայց գտնում եմ, որ մեզանից ամեն մեկն իր կյանքն ունի: Թող ամեն մեկն իր կյանքով ապրի: Ես մայր եմ ու գիտեմ՝ ինչն ինչպես անել: Ամուսինս չի ցանկանում, որ երեխայի նկարը փոքր տարիքում տեղադրվի, ես էլ հարգում եմ իր որոշումը: Սա մեր որոշումն է ու ոչ մեկի գործը չի: Երբ պահը գա, բոլորն էլ երեխայիս կտեսնեն հաստատ, ոմանց նման չեմ թաքցնի»,-մեկնաբանեց երգչուհին:
Շատերի համոզմամբ՝ սա փիար քայլ է կամ ակնարկ կայքերին՝ իրենց համար անհատական ֆոտոսեսիա կազմակերպելու. «Ես փիարներ չեմ անում, որովհետև ոչ սիրում եմ, ոչ էլ դրա կարիքն ունեմ: Բալիկիս հետ ֆոտոշարք, սպասվում է, իհարկե: Ամեն դեպքում, շնորհակալ եմ բոլորին, որ քննարկում են: Դա նշանակում է, որ ես մարդկանց շատ հետաքրքիր եմ, դրա համար են խոսում, գրում ու հետևում իմ ամեն քայլին»:
Ի դեպ, կողակիցներին չգաղտնազերծելը երբեմն պայմանավորված է լինում զույգերի տարիքային որոշակի տարբերությաբ: Նման շշուկներ կան նաև Սոնա Շահգելդյանի և իր ընտրյալի մասին: «Ոչ թե ես եմ նրան թաքցնում հասարակությունից, այլ՝ նա չի ցանկանում, որ իր նկարը հրապարակվի: Շատ չար մարդիկ կան, որ մեզ նախանձում են ու կարծում, որ իր պասիվ լինելու պատճառը դա է: Կան մարդիկ, ովքեր հաստատվելու, կայանալու կարիք ունեն, դրա համար իրենց մասին անընդհատ հիշեցնում են: Իսկ իմ ամուսինը շատ համեստ ու լուրջ անձնավորություն է… Ինչ վերաբերում է տարիքային տարբերությանը, ապա այն մեր միջև այնքան էլ շատ չի: Եվ հետո, տարիքը կապ չունի մարդու խելքի, գիտակցության ու տեսակի հետ: Տարիքով ավելի մեծ մարդիկ կան, որ բնույթով լավը չեն»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Այն հարցին, թե արդյոք ամուսինները մտադիր են ընտանիքը համալրել ևս մեկ փոքրիկով, Ս. Շահգելդյանը վստահեցրեց. «Իհարկե, արդեն իսկ մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին: Կցանկանամ երկու-երեք բալիկ ունենալ, սա հրաշալի զգացում է: Աստծո կամոք՝ կլինի»:
Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ծննդյան տարեդարձին՝ Սոնա Շահգելդյանն ընդգծեց, որ օրն իր համար եռակի տոն էր. «Փետրվարի 14-ը ոչ միայն սիրահարների, իմ ծննդյան, այլև՝ իմ ամուսնության օրն է: Նախորդ տարի այդ օրն եմ ընտանիք կազմել: 30-ամյակս նշեցի բալիկիս, հարազատներիս, ամուսնուս ու ամուսնուս մայրիկի հետ»:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք կնքահայրը՝ Ռուբեն Հախվերդյանը, միացել է նրանց հավաքույթին: «Հախվերդյանը մեզ հյուր եկավ, երբ բալիկիս տուն էինք բերել: Դա ինձ համար անակնկալ էր, շատ ուրախ ու հպարտ եմ: Իսկ ծննդյանս օրը զանգահարեց ու շնորհավորեց: Անչափ շնորհակալ եմ և՛ իրեն, և՛ իր ընտանիքին»,-ուրախությամբ նշեց նա:
Թեև Ռուբեն Հախվերդյանն ու Սոնա Շահգելդյանը դուետով արդեն իսկ հանդես են եկել, սակայն համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Ի դեպ, երգչուհին մտածում է նաև հերթական մենահամերգով ներկայանալու մասին:
«Ռ. Հախվերդյանի հետ նոր երգեր դեռ կլինեն, անպայման: Ինչ վերաբերում է իմ գործունեությանը, գարնանը պատրաստվում եմ նոր տեսահոլվակ նկարահանել, առաջիկայում էլ ցանկանում եմ մենահամերգ ունենալ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց երգչուհին: