18/02/2016 13:00
«Սառույցի թագավորները» շոուի շրջանակներում Հայաստան կժամանի ջութակահար Էդվին Մարտոնը
Մարտի 5-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» նախագծի շրջանակներում ելույթ կունենա նաև ճանաչաված ջութակահար Էդվին Մարտոնը:
Հիշեցնենք, որ այս նախագծի շրջանակներում ելույթով հանդես կգա նաև ռուսական էստրադայի աստղ Դիմա Բիլանը:
Հունգար Էդվին Մարտոնն, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով, հայ հանդիսատեսին կներկայացնի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նա հայտնի է դասական կոմպոզիցիաները գերժամանակակից հնչողություններով մշակելու յուրօրինակ և առանձնահատուկ տաղանդով, ով արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար:
«Ֆորպոստարտ պրոդաքշընի» հիմնադիր և «Սառույցի թագավորները» նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ձևաչափով ներկայացումը հատուկ է մշակվել հայ հանդիսատեսի համար, որին երեկոյի ընթացքում սպասվում են բազում անակնկալներ:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Էդվին Մարտոնն Եվգենի Պլյուշչենկոյի և Դիմա Բիլանի հետ հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում:
«Հայաստանում ևս կներկայացվի այդ բեմական համարը՝ այս հոյակապ եռյակի կատարմամբ: Ամենասիրված երգիչ Դիմա Բիլանը, ջութակահար Էդվին Մարտոնը և Եվգենի Պլյուշչենկոն հայ հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի երեկո: Մարտոնն առաջին իսկ նոտաներից կախարդում է բազմահազարանոց դահլիճներ և դիպչում յուրաքանչյուր ունկնդրի սրտին: Իսկ Ռուսաստանի տաղանդավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն դարձել է առաջին գեղասահորդն, ով մրցաշարերում իրականացրել է քառակի պտույտ-ցատկ, եռակի պտույտ-ցատկ, եռակի հրում-ցատկ՝ արժանանալով 2002 թվականի Ռուսաստանի գավաթին: Նա նաև հայտնի է իր Բիլմանի պտույտով, (պտույտ մեկ ոտքի վրա՝ երկրորդ ոտքը գլխավերևում-հեղինակ), ով կատարել է եռակի ակսել (երեքուկես պտույտ-ցատկ), եռակի ֆլիպ- ցատկ: Վստահեցնում եմ ձեզ, որ մարզահամերգային համալիրում նման շոու չի եղել: «Սառույցի թագավորներն» իսկապես աննկարագրելի շոու է, որին պետք է անպայման ներկա գտնվել»,- ասաց նա:
Զ. Մխեյանը տեղեկացրեց նաև, որ շոուին կմասնակցի նաև հայ էստրադայի սիրված երգիչ Հայկոն, ով հեղինակել է նաև «Գարեգին Նժդեհ» կինոնկարի երաժշտությունը: Շոուի ընթացքում նա հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանի նվագակցությամբ կկատարի ֆիլմի սաունդթրեքը, որն իր հուզականությամբ կպարուրի գեղեցիկ երեկոն ջերմ զգացողություններով:
«Մենք կնվիրենք ձեզ տոն, որը կուղեկցի ձեզ ամբողջ կյանքում: Սա իսկապես մոլորակի թիվ մեկ սառցե շոուն է: Ծրագրին մասնակցում են հայտնի գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը,Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք»,- ասաց նա: