19/02/2016 15:15
Արքմենիկ Նիկողոսյան. Գիրք նվիրելը պետք է դառնա մեր կենցաղի մի մասը
Այսօր «Անտարես» հրատարակչության կողմից իրենց նվեր-գրքերը ստացան Facebook սոցիալական ցանցի այն օգտատերերն, ովքեր ավելի վաղ մասնակցել էին հրատարակչության կողմից հայտարարված մրցույթին ու անհրաժեշտ գրքի համար 600 «լայք» ստացել:
Մրցույթի շրջանակներում գրքեր ստացավ մոտ 60 օգտատեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Անտարեսի» գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Ակցիան անցկացվում է արդեն չորրորդ տարին: Ունենք մշտապես պահանջված գրքերը՝ դասականների գործերը, սակայն այս տարի ակցիայի մասնակիցների շրջանում առավել մեծ մասսայականություն վայելում են և Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» և Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործությունները»,- ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց՝ կարևոր է, որ գիրք գնելն ու այն նվիրելը մեր երկրում մշակույթ դառնա.
«Գիրք գնելու արվեստը դառնա մարդու կենցաղավարության մի մասը, ինչպես, օրինակ, սրճարան գնալը կամ կենցաղային այլ հարցեր լուծելը»: