20/02/2016 09:20
Գալուստ Սահակյանը հրաժարական կտա՞
Ինչպես հայտնի է` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեք օր առաջ` երեկոյան, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները ԱԺ նախագահի մոտ ախտորոշել են արյան շրջանառության անցողիկ խանգարում: Երեկվա դրությամբ նա շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ և դեղորայքային բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանի գործող Սահմանադրությամբ և «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ նախագահի պաշտոնանկության այլ ճանապարհ, քան նրա հրաժարականն է, նախատեսված չէ: Ստեղծված իրավիճակում հարց է ծագում `արդյոք հնարավո՞ր է, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գալուստ Սահակյանը հրաժարական ներկայացնի, քանի որ նույնիսկ այս բժշկական միջամտությունից ու ապաքինվելուց հետո, հնարավոր է, նույն առողջական վիճակով պայմանավորված չկարողանա շարունակել պաշտոնավարել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդը» փորձել է ստանալ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից:
«Դուք, հավանաբար, այդպես էլ չիմացաք, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել՝ ճնշումն էր բարձրացել, արյան շրջանառության անցողիկ խանգարում է նկատվել, դրանք անցողիկ հիվանդություններ են»,-ասել է Բաբայանը: