22/02/2016 16:01
Թաթոյան. ՄԻՊ դերը նորովի արժևորվեց 2015-ի սահմանադրական փոփոխություններով
Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետղևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը: ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, այսօր էլ Հայաստանում շարունակում են չլուծված մնալ խնդիրներ, որոնք բերում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների:
«Օրինակ՝ համակարգային փոփոխման կարիք ունի պատժի կրումից վաղաժամկետ ազատման մեխանիզմը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի անկախ որևէ կողմնորոշումից, պետք է բացառի, ոչ միայն քաղաքական որևէ այլ կողմնորոշմամբ պայմանավորված, կանխակալ ցանկացած մոտեցում, այլ նաև այդպիսի կողմնորոշումների վտանգից զերծ պահի սեփական աշխատակազմը:
Ինչպես ասաց ՄԻՊ թեկնածուն, մտահոգիչ է այն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք, հակառակ ՄԻԵԴ պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի բողոքարկման ինստիտուտի արդար դատաքննության երաշխիքներից:
Ըստ նրա՝ մտահոգիչ է նաև, որ մինչև օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների համար իրավաբանական օգնություն տրամադրելը:
Ա. Թաթոյանի խոսքով՝ իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է հետևողական և քրտնաջան աշխատանքը՝ իրավական համակարգի բոլոր օղակների հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժևորվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով: Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից՝ արձանագրվեց ՄԻՊ-ին դիմելու բացարձակ իրավունքը»,- ընդգծեց նա:
Իր ելույթում նա ընդգծեց նաև, որ ՄԻՊ գործունեության կարևոր սկզբունքը հաշվետվողականությունն է, ինչը ենթադրում է հետադարձ կապ հասարակության և խորհրդարանի միջև: Նա կարևոր համարեց նաև համատեղ աշխատանքն ու համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:
«Կարող է տպավորություն ստեղծվել, թե ԱԺ-ի հետ աշխատանքը ենթադրում է միայն տարեկան զեկույց-հաղորդումների քննարկում, սակայն դա այդպես չէ: ՄԻՊ-ը տարեկան զեկույցից բացի կարող է հանդես գալ նաև այլ զեկույցնելով»,- ասաց նա ու նկատեց, որ իր ընտրվելու դեպքում ինքը պարբերաբար աշխատանք կունենա խորհրդարանի հետ՝ հանձնաժողովների մակարդակում օրենսդրական նախաձեռնությունների քննարկումից սկսած:
«Անհրաժեշտ է առավել զարգացնել պրակտիկան, որը ձևավորվել է ՄԻՊ-ՍԴ համագործակցության ոլորտում, ինչպես նաև դատական նիստերի դիտարկումը ընդհանուր իրավասության դատարաններում՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրարկման տեսանկյունից»,- ասաց նա: