22/02/2016 15:15
Ա. Թաթոյան. Կան ինչ-ինչ խնդիրներ, որոնք պատրաստ եմ քննարկել ընտրվելու դեպքում
Իհարկե, ես գիտակցում եմ, թե ինչ բարդություններ ունի ՄԻՊ ինստիտուտը: Յոթ տարի աշխատել եմ մարդու իրավունքների առաջին երկու պաշտպանների հետ և գիտակցում, պատկերացնում եմ, թե ինչ աշխատանք է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: ԱԺ-ում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻքայել Մելքումյանի հարցին, թե գիտակցում եք, ի՞նչ ծանր բեռ եք վերցնում ձեր ուսերին և ինչ ծանր աշխատանք է ենթադրում ՄԻՊ աշխատանքը, այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանը:
Նա վստահերցրեց նաև, որ պատրաստ է ընտրվելու դեպքում իրականացնել այդ ծանր գործունեությունը:
Իսկ թե նախկին պաշտպանները կարողացել են արդյոք հասարակության պահանջները լիարժեք բավարարել, Ա. Թաթոյանը նշեց, որ գուցե ժամանակին ինչ-որ անհամաձայնություններ եղել են, տարբեր կարծիքներ հնչել են, սակայն, ըստ նրա, բոլոր պաշտպաններն էլ գործադրել են հնարավոր ջանքերը, որպեսզի զարգացնեն ՄԻՊ ինստիտուտի դերը:
«Կարող է ինչ-որ տակտիկական որոշումներ եղել են, բայց յուրաքանյուրն էլ գործել է բացառապես օրենքի շրջանակներում և լուրջ ջաքեր են ներդրել»,- հավելեց նա:
Մ. Մելքումյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե արդյոք դատարանները հաշվի են առել ՄԻՊ որոշումները, որին ի պատասխան Ա. Թաթոյանը ընդգծեց, որ այո, շատ են եղել դեպքերը, երբ դատարանները հաշվի են առել ՄԻՊ որոշումները:
Անդրադառնալով խնդիրներին՝ Ա. Թաթոյանը նշեց, որ, իր կարծիքով, կան ինչ-ինչ խնդիրներ, որոնք պատրաստ է քննարկել ընտրվելու դեպքում:
«Իրականում մենք ունենք լավ օրենքներ: Այո, ես կարծում եմ, որ այսօր խնդիրներ կան, մասնավորապես, քրեադատավարական և քրեակատարողական օրնսդրության հետ կապված, որոնք ունեն լրացուցիչ փոփոխության կարիք, սակայն այդ բոլոր հարցերը պատրաստ եմ քննարկել միայն ընտրվելուց հետո»,-ասաց նա: