23/02/2016 15:11
«ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիան այս տարի նշում է իր 5-ամյակը
«Ավետիս» ասոցիացիան ստեղծվել է 2011 թ-ին, Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակցուհի, օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ: «Ավետիսի» նպատակն է տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին՝ Եվրոպայում:
Ասոցիացիայի կողմից վերջերս հիմնվել է նաև «Ավետիս» փառատոնային նվագախումբը, որը կազմված է լինելու շվեյցարացի և շվեյցարաբնակ հայ երաժիշտներից և դիրիժորներից: Նվագախումբը լինելու է փոփոխվող` կամերայինից մինչև մեծ սիմֆոնիկ կազմ, իսկ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն է լինելու հանրաճանաչ ջութակահար և դիրիժոր Սերգեյ Օվստրովսկին։
«Ավետիսի» ուշադրության կենտրոնում լինելու են մասնավորապես հայ դիրիժորները, որոնք հաճախ կհրավիրվեն ղեկավարելու այս նվագախումբը։
«Ավետիս» փառատոնային նվագախումբը իր առաջին ելույթն ունենալու է այս տարվա մարտի 6-ին, Ժնևի հեղինակավոր «Վիկտորիա Հոլլ» համերգասրահում` «ՎԻՎԱ Կալլաս» համերգով:
Համերգին հնչելու են օպերային ստեղծագործություններ`աշխարհահռչակ սոպրանո ՄարիաԿալլասի երգացանկից: Համերգին, որպես մենակատար հանդես է գալու Maria Gallas GRAND PRIX-ի մրցանակակիր Վարդուհի Խաչատրյանը, իսկ որպես դիրիժոր Իսրայելից հրավիրված`հանրաճանաչ երաժիշտ Վագ Պապյանը, նա էլ ղեկավարելու է «Ավետիս» փառատոնային նվագախումբը:
Նվագախմբի հետագա ծրագրերում է նաև հայ նվագախմբային ստեղծագործությունների տարածումը Եվրոպայում։ Վարդուհի Խաչատրյանը, չբացելով փակագծերը, նշեց որ այս տարի «Ավետիսի» 5 ամյա տարեդարձը անակնկալներով լեցուն է լինելու։