29/02/2016 14:31
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի առանձնատունը
20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրել և ստեղծագործել է Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն:
«Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում զարկ է տվել հայերեն Wikipedia-ի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: