29/02/2016 15:39
Իրանագետ. Երկաթգծի կառուցմանը մեծ կարևորություն է տալիս նաև Իրանը
Իրանը չափազանց կարևորում է Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը: Հայաստանը շատ ավելի մեծ շանսեր ունի, քան` Ադրբեջանը: Հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարլյանը:
Նրա խոսքով՝ այսօր հայ-իրանական հարաբերությունները բավականին լավ և ամուր հիմքերի վրա են կառուցված, որոնք այսօր էլ շատ ակտիվորեն զարգանում են, հետևաբար իրանագետը չբացառեց, որ Իրանը Հայաստանին կաջակցի նույնիսկ երկաթգծի կառուցման հարցում:
«Երկաթգծի կառուցման հարցը իրականում անիրատեսական չէ, ինչպես պնդում են շատերը, այլ հակառակը՝ դա կապված է ֆինանսական խնդիրներով և չի էլ բացառվում, որ այդ նախագիծը առաջիկայում կյանքի կկոչվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր դրան մեծ կարևորություն է տալիս նաև Իրանը՝ պատրաստ լինելով նաև ֆինանսավորել նախագիծը:
«Երկաթգծի կառուցումը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար և հույս կա, որ Իրանը նույնպես այդ հարցում ակտիվություն կդրսևորի: Այստեղ խնդիրը հիմնականում ֆինանսն է, որի մի մասը՝ 60 տոկոսը խոստացել է իր վրա վերցնել Չինաստանը: Գիտենք, որ խոսք կա արտասահմանյան բանկերում առկա 100 մլրդ դոլարի ապասառեցման մասին և հուսով ենք, որ Իրանը իր վրա կվերցնի մնացած 40 տոկոսի ծախսը»,- ասաց նա: