01/03/2016 14:41
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ Կիմ Բակշիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր արարումներ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հարգելի Կիմ Նաումի,
Երախտապարտ հայ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ` 85-ամյակի առթիվ:
Ձեր ստեղծագործական ուղին էապես կապված է հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ: Երկար տասնամյակների ընթացքում Ձեր քրտնաջան և եռանդուն աշխատանքի արդյունքը դարձան ճամփորդական նոթերը, գրքերը և վավերագրական ֆիլմերի սցենարները: Հայ մշակույթի հնագույն գանձերը, պատմության կամոք հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում, իրենց ամբողջ շքեղությամբ և հմայքով ներկայացված են Ձեր աշխատանքներում:
Ձեր աշխատանքները մեր ժողովրդի բազմաթիվ որդիների և դուստրերի քաջալերեցին սևեռուն ուշադրություն դարձնել մեր ժողովրդի պատմական հարուստ ժառանգությանը, օժանդակեցին ամբողջ աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: