02/03/2016 19:07
Հերոսիս եղբորը մարմնավորելու է պրոֆեսիոնալ դերասան Հովակ Գալոյանը, ինչն արդեն իսկ շատ լավ է. Արամոն՝ նոր կերպարի մասին
ATV հեռուստաընկերությունը օրեր անց հեռուստադիտողին կհանձնի նոր հեռուստասերիալ՝ «Աբելի քույրը», որում ներգրավված է նաև երգիչ Արամոն: «Ֆիլմում մարմնավորելու եմ Աբելի և իր քույրիկի հայրիկին: Սցենարին մասնակի եմ ծանոթ, քանի որ իմ նկարահանման օրերը դեռ չեն սկսվել… Հայրը տարիներ առաջ բաժանվել է կնոջից, դրսում է ապրել, հետագայում էլ կինը մահացել է ու երեխաները մնացել են միայնակ: Բայց վերադառնում է, որպեսզի իր երեխաների կողքին լինի: Որդին բանտում է լինում, դուստրն էլ աշխատում է բենզալցակայանում»-մանրամասնեց դերասան-երգիչը:
Հարցին՝ դրակա՞ն, թե բացասական հերոսի է կերպարանավորելու՝ պատասխանեց. «Առաջին հայացքից՝ ընտանիքին թողած-գնացած հայրը բացասական կերպար է, սակայն, կարծում եմ, հետագայում դրական է դառնում»:
Թեև Արամոն մեկ անգամ չէ, որ հանդես է եկել դերասանի կարգավիճակում, բայց ժխտել էլ չենք կարող, որ նա «ամեն մի առաջարկ» ընդունող երգիչ չէ: «Առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Հրաչ Մուրադյանից: Թեման հետաքրքիր էր. դրամա, որում արծարծվում է համամարդկային թեմա: Հոգեբանական խորը մոտեցում կա, ինչով էլ ինձ հետաքրքրեց: Հատկանշական է նաև այն, որ հերոսիս եղբորը մարմնավորելու է պրոֆեսիոնալ դերասան Հովակ Գալոյանը, ինչն արդեն իսկ շատ լավ է: Կարծում եմ, ընդհանրապես պրոֆեսիոնալ անձնակազմ է աշխատում այս նախագծում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը, որ սերիալներն էկրաններին երկար ժամանակ են մնում՝ հաճախ ձգձգվելով ամիսներ, նույնիսկ տարիներ՝ Արամոն նշեց. «Եթե լավ, հետաքրքիր սերիալ է, ասելիք ունի, ապա այդ երկարակեցությունը նորմալ է»:
Տեղեկացնենք, որ «Աբելի քույրը» էկրաններին կլինի մարտի 7-ից՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 21:20-ին: Սցենարիստն է Անահիտ Մխիթարյանը: Աբելի կերպարում հանդես է գալու Դավիթ Գրիգորյանը, 17-ամյա քույրիկին էլ կմարմնավորի երգչուհի Նարինե Դովլաթյանը: