02/03/2016 19:47
Իտալական ֆիլմերի շաբաթ՝ Երևանում
Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել Իտալական կինոյի շաբաթ, որի ընթացքում Երևանի կինոթատրոններում կցուցադրվեն իտալական հայտնի ու լավագույն վերջին ֆիլմերը: Հինգ օր շարունակ մեծ էկրաններից կցուցադրվեն լավագույն 5 ֆիլմեր, որոնք պատմում են իտալական մշակույթի, նիստուկացի ու Իտալիայի ժողովրդի մասին:
Ի դեպ՝ Իտալիայի կինոյի շաբաթն համընկնում է կանանց տոների հետ: Այս նախաձեռնությունն այս տարի նվիրվում է կանանց.
«Այս օրերին ներկայացված կլինեն իտալական կինոարվեստի վերջին գործերից, որոնց կենտրոնում կինն է: Մեծ էկրանին կցուցադրվի կանանց համապարփակ աշխարհը։ Կտեսնեք տարբեր տեսակի կանանց՝ ուժեղ, թույլ, մայր, քույր, սիրուհի․․․ Այն բոլոր կերպարներին, որոնց մենք տեսնում ենք ամեն օր մեր շրջապատում։ Ի տարբերություն այն ֆիլմերի, որոնք ընդունված էին 80-ականներին, այժմ կինոարվեստում կինը ներկայացված է ստերեոտիպներից դուրս․նա միայն մայր կամ միայն տնային տնտեսուհի չէ»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին ասաց Դեսպանության մշակութային հարցերով կցորդ, Երևանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին՝ ընդգծելով, որ առջևում կանանց միամսյակն է, հետևաբար որոշվել է ֆիլմերը նվիրել կանանց խնդիրներին և ցուցադրել այն ֆիլմերը, որոնց առանցքում կինն է։
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմերից երկուսի հեղինակները կանայք են: Նա նշեց նաև, որ մարտի 7-ին կցուցադրվի՝ «Ամուսնություններ և այլ աղետներ» ֆիլմը, 8-ին՝ «Աստծո ողորմությամբ», 9-ին՝ «Երջանկության աթոռը», 10-ին՝ «Առաջին նշանակումը», 11-ին՝ «Հեռու մնա ինձնից» ֆիլմերը։
Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում, անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է։