04/03/2016 15:22
Նա այն մարդկանցից մեկն էր, ով հավատում էր ինձ. Նաստասյա Գոլովկոն հեռուստադադարի և անձնական կյանքի մասին
Հեռուստադիտողը նրան առաջին անգամ հանդիպեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կոտրված սրտեր» հեռուստասերիալում՝ Լիլիթի կերպարում: Սլավոնական դիմագծերով գեղեցիկ, կամակոր աղջնակն անմիջապես գրավեց հեռուստադիտողին… Aysor.am-ը հյուրընկալել է Նաստասյա Գոլովկոյին, ով պատմեց ոչ միայն իրական մասնագիտության, այլև` ընտանիքի ու մոռացված սիրո մասին:
-Նաստյա, հեռուստադիտողը Ձեզ մի պահ հանդիպեց սերիալում: Արդյոք մասնագիտությամբ դերասանուհի եք:
-Ոչ, ես ապագա բժիշկ-ատամնաբույժ եմ:
-Իսկ հեռուստաաշխարհում ինչպե՞ս հայտնվեցիք:
-Առաջին անգամ՝ «Individuum casting»,-ի միջոցով:
-Ինչպե՞ս է, որ այլևս չեք նկարահանվում սերիալներում, նոր առաջարկներ չունե՞ք:
-Առաջարկներ եղել են և կան, բայց ես ընտրում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս:
-Իսկ ներկայիս առաջարկների մեջ ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:
-Օրինակ, բացասական կերպարով հանդես գալը… Նաև, մի քանի անգամ պատահել է, որ այդ ընթացքում շատ կարևոր գործեր եմ ունեցել և չեմ կարողացել առաջարկն ընդունել:
-Փաստորեն, բացասական կերպարում հանդես գալուն դեմ եք:
-Ամեն ինչ կախված է կերպարից. ինձ համար շատ կարևոր է, թե ում եմ մարմնավորում: Պետք է հաճույք ստանամ իմ կերպարից և ոչ թե չցանկանալով, զզվելով գամ նկարահանման հրապարակ:
-Ի դեպ, վերջերս նկարահանվեցիք երգիչ Նարեկ Մակարյանի տեսահոլովակում: Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը:
-Երբ այդ առաջարկը ստացա, նույնիսկ չգիտեի, թե ով է երգիչը: Առաջարկը եղել է իմ սիրած ռեժիսոր Սերժ Գաբյանի կողմից, ում հետ միշտ մեծ հաճույքով եմ աշխատում, վստահում եմ նրան լիովին, ամեն ինչում: Նկարահանվելու ընթացքում ծանոթացա տաղանդավոր մարդկանց հետ ու շատ ուրախ եմ դրա համար:
-Ընդամենը 20-21 տարեկան երիտասարդ աղջկա համար բարդ չէ՞ այս բնագավառում աշխատելը:
-Ես այս բնագավառում աշխատել սկսել եմ 17 տարեկանից: Այսպես կասեմ. «Когда есть люди, которые верят в тебя и помогают, получаешь удовольствие от работы а не трудности» (ժպտում է):
-Իսկ վարձատրությունից, Ձեր եկամուտներից գո՞հ եք:
-Այո, գոհ եմ: Իհարկե, լինում են պահեր, երբ ինձ որոշ բաներում սահմանափակում եմ, բայց նույն վայրկյանին էլ հասկանում եմ, որ մարդիկ կան՝ դա էլ չունեն:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Ուսումս եմ շարունակում ու նաև աշխատում իմ մասնագիտությամբ: Ատամնաբուժարանում՝ որպես օգնական, զուգահեռ նաև պրակտիկա եմ անցնում:
-Նաստյա, թեև ռուսական ազգանուն ունեք, բայց ի զարմանս շատերի՝ վատ չեք տիրապետում հայերենին: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:
-Հայրիկս հայ է, մայրս՝ ռուս: Երբ փոքր էի, Ռուսաստանում էինք ապրում, ծնողներս որոշեցին, որ ավելի հարմար կլինի, եթե ես ու փոքր եղբայրս ռուսական ազգանուն կրենք: Ասեմ, որ հրաշալի ծնողներ ունեմ, որոնց շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այսօր ունեմ: Իսկ փոքրիկ եղբորովս ուղղակի հպարտանում եմ: Նա նույնպես բժիշկ է դառնալու:
-Այժմ Հայաստանո՞ւմ եք բնակվում:
-Ես բնակվում եմ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում:
-Գաղտնիք չէ, որ «Կոտրված սրտեր» սերիալի ընթացքում հանդիպում էիք Ձեր խաղընկեր Գևորգ Գրիգորյանի հետ: Շատերը սպասում էին Ձեր ամուսնությանը, ինչո՞ւ բաժանվեցիք:
-Ես ճիշտ չեմ գտնում խոսել իմ ու Գևորգի հարաբերությունների մասին: Միայն կասեմ, որ նա այն մարդկանցից մեկն էր, ով հավատում էր ինձ (ժպտում է)…
-Արդեն գտե՞լ եք Ձեր երկրորդ կեսին:
-(Ժպտում է) Ես ինձ ամբողջական եմ համարում, չեմ կիսվել, որ ման գամ երկրորդ կեսիս: Մենակ եմ, ու դա լավ է: Այդպես էլ կշարունակվի, մինչև ուսումս ավարտեմ: Այդպես ավելի ճիշտ է…
-Բնավորությամբ խանդո՞տ եք:
-Այո, շատ խանդոտ եմ: Բայց կարծում եմ, որ եթե տղամարդը խանդելու առիթ չի տալիս, ապա այն խանգարող բնույթ չի: Իսկ եթե տալիս է՝ ապա այդպիսի տղամարդը պետք չի, քոնը չի:
-Հետագայում Ձեզ պատկերացնո՞ւմ եք հայ տղամարդու կողքին:
-Ես չեմ մտածում, թե ով կլինի իմ տղամարդը՝ հայ, ռուս, թե բոլորովին այլ ազգից: Կարևորը՝ նա լինի իմը, ես էլ՝ իրենը (ժպտում է):