05/03/2016 17:11
Ամեն ինչ իր տեղում է, գոհ եմ իմ անցած ճանապարհից. Գրիշա Աղախանյան
Հաղորդավար-երգիչ Գրիշա Աղախանյանն այսօր դառնում է 48 տարեկան: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց, թե որտեղ և ինչ պայմաններում է պատրաստվում անցկացնել տոնական օրը: «Դեռևս մտածում եմ, թե ինչպես պետք է անցկացնեմ ծննդյանս օրը: Միանշանակ, ինչ-որ միջոցառում կազմակերպելու եմ, բայց ոչ թե այսօր, այլ վաղը կամ մյուս օրը: Հետաձգման պատճառն այն է, որ զբաղվածությունս մեծ է, աշխատանքի հետ կապված՝ չեմ հասցնում: Բայց իմ ծնունդները միշտ էլ հետաքրքիր ու լավ են անցնում»,-ընդգծեց հաղորդավարը:
Հաճախ հոբելյարների համար անակնկալ միջոցառումներ կազմակերպում են հարազատները՝ օրվա հերոսին զերծ պահելով ավելորդ քաշքշուկներից: Սակայն մեր զրուցակիցը խոստովանեց, որ իր ծննդյան օրերն ինքն է սիրում կազմակերպել. «Ամեն ինչ ինքս եմ կազմակերպում, ես եմ ընտրում այն միջավայրը, որտեղ ինձ լավ կզգամ, կուրախանամ»:
Դեռ կեսգիշերից հաղորդավարը բազում շնորհավորանքներ է ստանում. ոմանք ուրախացնում են. ոմանք էլ զարմացնում ու անակնկալի բերում: «Շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել ու դեռ շարունակում եմ ստանալ: Ընկերներս, հարազատներս անընդհատ զանգում են, գրում, ինչը շատ հաճելի է: Առաջինը շնորհավորել է կինս, նաև՝ երեխաներս՝ Լոս Անջելեսից»,- ոգևորությամբ պատմեց նա:
Ի դեպ, երգչի ֆեյսբուկյան էջում ևս շնորհավորանքի ջերմ խոսքեր էր գրել կինը՝ Շոկա Թովմասյանը, ով ակնարկել էր, որ ամուսինն արդեն ամեն ինչ ունի, մնում է պահել ու պահպանել ունեցածը: Թե որո՞նք են հոբելյարի այս տարիների ամենամեծ ձեռքբերումները՝ պատասխանեց. «Մեկ առ մեկ չեմ կարող նշել, բայց ընդհանուր առմամբ գտնում եմ, որ այն, ինչ արվեստում արել եմ ու անում եմ, թեև դեռ քիչ է, բայց գոնե ճիշտ ուղղության վրա եմ: Ընտանեկան կյանքում էլ ամեն ինչ նորմալ է. լավ է, ինչը շատ կարևոր է ու առաջնային մարդու համար: Ամեն ինչ իր տեղում է, գոհ եմ իմ անցած ճանապարհից, բողոքելու տեղ չունեմ»:
Թեև դեռևս անակնկալներ չի ստացել, սակայն օրվա կարևոր հատվածը դեռ առջևում է: «Չգիտեմ, ինչ անակնկալ կունենամ, բայց ինձ համար արդեն իսկ մեծ անակնկալ է այն, որ շնորհավորողների մեջ կան մարդիկ, որոնցից չէի սպասում: Շատ հաճելի է, իսկապես»,- նշեց նա:
Հոբելյարին առաջարկեցինք բացառություն անել և այս անգամ անձամբ ինքն իրեն մաղթանքներ հղել: «Մարդ պետք է բավարարվի տրվածով, իր յուրաքանչյուր օրով: Չեմ ասում, որ ավելիին ձգտել պետք չի, բայց քանի որ ես երջանիկ մարդ եմ, ապա ասում եմ` այսպես էլ շարունակվի՝ լավ է: Եթե ավելի լավ կլինի, դեմ չեմ, ուրախ կլինեմ»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գրիշա Աղախանյանը: