09/03/2016 19:25
Շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը նկարահանում եմ, քանի որ այն մեկ անգամ ևս մտածելու առիթ կտա. Արշալույս Հարությունյան
Հատկապես վերջին տարիներին ռուսական կինոարտադրությունում առանձնանում է հայկական ձեռագիրը: Ամիսներ առաջ դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյանին արդեն 4-րդ անգամ վստահվեց նկարահանել ռուսական ֆիլմ: Aysor.am-ը ռեժիսորի հետ զրուցեց ֆիլմի մանրամասների և նրանում ներգրավված հայ դերասանների մասին:
-Արշալույս, հետևելով Ձեր ֆեյսբուկյան էջին՝ նկատելի է, որ այժմ ներգրավված եք ռուսական կինոարտադրությունում:
-Այո, «Բերգ Սաունդ» կինոարտադությունն է զբաղվում պրոդյուսերական մասով: Կոչվում է «отцы»՝ «Հայրերը», արկածային մարտաֆիլմի ժանրում է, ցուցադրվելու է «Ren Tv» հեռուստաընկերությամբ: Դրամատիկ տեսարաններով հագեցած դինամիկ ֆիլմ է լինելու, որի ռեժիսորը ես եմ, սցենարիստը Միքայել Պողոսովը:
-Հնարավորության սահմաններում՝ կմանրամասնե՞ք սցենարը:
-Ահաբեկիչները գողանում են Ռուսաստանի վոլեյբոլի աղջիկների խմբին, որում ընդգրկված են 12 հոգի: Նրանց մեջ կա կիսով չափ հայ աղջիկ՝ հայրը ռուս է, մայրը հայ, նաև մեկ մահմեդական աղջիկ: Աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում այնտեղ, որտեղ թրաֆիքինգն առավել զարգացած է՝ Ալբանիա, Սիրիա, Թուրքիա և այլն, ակումբներում, հասարակաց տներում աղջիկներին վաճառում են: Աղջիներից մեկին էլ հատուկ այն նպատակով են տանում, որ օրգանները հանեն ու պատվաստեն մեծահարուստներից մեկի հիվանդ աղջկան… Շատ սուր ու դինամիկ պատմություն է, որի հիմքում հիմնականում վրեժխնդրության գործոնն է: Նույնիսկ հենց այնպես չի, որ չարագործները գողացել են այս աղջիկներին: Իրականում, իրենք էլ են վրեժ լուծում…
-Ինչո՞վ է պայմանավորված «Հայրերը» վերնագիրը:
- Ֆիլմն այդպես է կոչվում, որովհետև հիմնականում բոլոր գլխավոր հերոսները հայրեր են: Անգամ չարագործներն են հայրեր, ովքեր սեփական պատճառներն ունեն այդ կերպ վարվելու… Խնդրով, իհարկե, զբաղվում է ռուսական հատուկ ծառայությունը, բայց քանի որ տարբեր երկրներում է ծավալվում և ծառայությունը չի կարող համակարգել, զորք ուղարկել ամեն տեղ, ճարահատյալ գործին խառնվում, որոնողական աշխատանքներով են զբաղվում նաև աղջիկների հայրերը, որոնցից մեկն էլ հատուկ ծառայության նախկին աշխատակից է…
-Ռուսերեն լեզվո՞վ է ներկայացվելու:
-Իհարկե, սա ռուսական 12 մասանոց ֆիլմ է, որտեղ ներգրավված են հայ, ռուս, չեխ, էստոնացի, եգիպտացի, վրացի դերասաններ… Որ երկրում այդ պահին նկարահանում ենք անում, այդ երկրի դերասաններին էլ ներգրավում ենք: Տարբեր երկրներում նկարահանումները պայմանավորված են ֆիլմի սյուժեով: Նկարահանումներն իրականացնում ենք Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չեխիայում, Արաբական Էմիրություններում, Սիրիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Կիպրոսում… Կավարտենք մայիս ամսին:
-Հետաքրքիր է, հայ դերասաններից ովքե՞ր են խաղում այս ֆիլմում:
-Ինչպես մյուս երկրներից, Հայաստանից ևս քիչ դերասաններ ներգրավված չեն. Գրիշա Աղախանյան, Արամո, Ռաֆայել Երանոսյան, Աշոտ Սարգսյան, Էվա Խաչատրյան, Սենիկ Բարսեղյան, Արսեն Գրիգորյան, Նոննա Գրիգորյան: Կարծում եմ, Հայաստան վերադառնալուց հետո դերասանները կավելանան: Ինձ համար շատ կարևոր է, որ դերասանը համապատասխանի կերպարին: Թե չէ շատ ծիծաղելի ու անտրամաբանական կլինի, որ ըստ սցենարի հերոսը չինացի լինի, բայց նրան հայի կամ ռուսի արտաքինով արտիստ մարմնավորի: Օրինակ, Ռ. Երանոսյանը ներկայացնելու է եգիպտացու: Արսեն Գրիգրյանն էլ շատ վատ, «փիս», հանցագործ կերպար է խաղում: Աշոտը արաբ շեյխի որդի է: Գրիշայի կերպարը շատ հետաքրքիր է, հատուկ ծառայության, հակահետախուզության ղեկավարն է, ով մեր հերոսներին բավականին օգնում է:
-Արշալույս, ճիշտ է, այսօր հեռուստադիտողին չես զարմացնի ֆիլմերում «չդերասանների» մասնակցությամբ, բայց ինձ մի փոքր զարմացրեց «INDIVIDUUM CASTING PRODUCTION»-ի ղեկավար Աշոտ Սարգսյանի ներգրավվածությունը Ձեր ֆիլմում…
-Հավատացեք, Աշոտը շատ հետաքրքիր անձնավորություն է, շնորքով տղա, ու կտեսնեք, թե ֆիլմում ինչ հետաքրքիր է նայվելու: Առանցքային կերպար է: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ աշխատանքը մի քիչ ավելի բարդ է լինում, բայց կարևորն արդյունքն է: Մինչ այս առիթ չի եղել, որ նա իրեն որպես դերասան դրսևորի, իսկ հիմա այդ առիթը ստեղծվեց: Նա հավատում է, վստահում ու սիրով աշխատում, ինչը շատ կարևոր հատկություն է:
-Թեև, դեռևս մոնտաժային աշխատանքներն ավարտված չեն, բայց մոտավոր հստակեցվա՞ծ է՝ յուրաքանչյուր մասը քանի՞ րոպե տևողություն կունենա:
-45 րոպե:
-Երաժշտական ձևավորո՞ւմն ում է վստահվել:
-Շատ հետաքրքիր ռուսական ռոք խումբ կա, որի անունը շուտով կիմանաք: Մենք ֆիլմի տարբեր հատվածներում հիմնականում օգտագործել ենք նրանց երաժշտական՝ արդեն իսկ եղած ստեղծագործություններից: Նաև, իրենց կողմից հատուկ նոր գործեր են պատրատվում այս ֆիլմի համար:
-Ե՞րբ եք սկսել նկարահանումները և ե՞րբ սպասենք ֆիլմի պրեմիերային:
-Նկարահանումները սկսել ենք հունվարի 7-ից, իսկ պրեմիերան կլինի աշնանը:
-Շնորհակալ եմ: Ի՞նչ կավելացնեք մեր զրույցի վերջում:
-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար: Միայն կասեմ՝ շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը նկարահանում եմ, քանի որ այն մեկ անգամ ևս մտածելու առիթ կտա՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը, ի՞նչ երևույթների հանդեպ ենք անտարբեր: Մինչև ողբերգությունն անձնական չի դառնում, լուրջ չենք վերաբերում, կողմնակի ու անտարբեր աչքով ենք նայում: Այստեղ մենք դիտմամբ ենք ընդգծում յուրաքանչյուրի անձնական դրաման: Այն թեմաները, որոնք այս ֆիլմում արծարծվում են՝ ցավոտ են ու, ցավոք սրտի, իրական: Որքան էլ շատ բաներ հորինված են՝ ելնելով ֆիլմի գեղարվեստական ֆորմատից, միևնույն է՝ իրականում նման պատմություններ շատ են լինում: