11/03/2016 17:35
Գոյացած հասույթը կտրամադրենք որևէ բարի գործի. DJ Smoke
Ինչպես մեզանից յուրաքանչյուրն ունի ծննդյան օր ու այդ օրը միայն ու միայն իրենն է, այդպես էլ յուրաքանչյուր մասնգիտություն ունի իր տոնը: Երեկ՝ մարտի 9-ին, DJ-ների միջազգային օրն էր, որը Հայաստանում առավել մեծ տարածում է գտել վերջին 8 տարիների ընթացքում: Աշխարհում ընդունված է՝ տոնական այդ օրը բարեգործական խորհուրդ ունի. DJ-ներն օրվա ողջ հասույթը տրամադրում են այն բարեգործական հիմնադրամներին, որոնք աջակցում են հիվանդ երեխաներին: «Այս տոնի հիմքը Հայաստանում դրեցին Dj Dale-ն և Dj Play-ը՝ հիմնադրելով «Դիջեյների հայկական ասոցացիան»: Սկզբում քչերը գիտեին այդ մասին, սակայն արդեն կարելի է փաստել, որ բավականին առաջընթաց կա: Մենք ևս օրվա առիթով կազմակերպել էինք միջոցառում, որից գոյացած հասույթը կտրամադրենք որևէ բարի գործի»-Aysor.am-ի հետ զրույցում նշեց այսօր ամենապահանջարկ ունեցող դիջեյներից DJ Smoke-ն:
Արվեստի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, մեծամասամբ, խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ չեն պահպանում: Ինչպիսի՞ն է մթնոլորտը DJ-ների միջավայրում հարցին՝ մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց. «Բնականաբար, DJ-ները ևս մտնում են այդ շոու բիզնես ասվածի մեջ: Մենք շփվում ենք շատ ու շատ արտիստների հետ, համագործակցում, ընկերություն ենք անում, միմյանց սիրում կամ չենք սիրում… Բայց ասեմ, որ մեր ոլորտում վեճեր շատ քիչ են լինում, նման դեպքերում էլ քաղաքակիրթ ձևով նստում, շփվում, խոսում ենք, հարցին լուծում տալիս: Իսկ եթե ընդհանուր հայտարարի էլ չենք գալիս, ապա ամեն մեկս իր ճանապարհով է գնում: Համենայնդեպս, շատ քիչ են լինում «գզվրտոցներ»»:
Այն, որ այս մասնագիտությամբ կարելի է արվեստ թելադրել՝ քչերն են ընդունում: DJ-ները մեծամասամբ ընկալվում են որպես երաժշտություն միացնող-անջատողներ, տրամադրություն ապահովողներ: «Այդ հարցում հայկական մենթալիտետն է խոսում: Նաև, մեղքի իրենց բաժինը շատ ունեն «դիլետանտ» DJ-ները՝ այդ երգ «միացնող-անջատողները»: Ամեն դեպքում, մենք փրձում ենք այդ կարծրատիպը ոչնչացնել, ցույց տալ, որ DJ-ը ևս արտիստ է: Ինչ վերաբերում է ճաշակ ձևավորելուն, ապա ասեմ, որ այո, ձևավորում ենք ու որակ հաղորդում: Ամեն արտիստ իր հանդիսատեսին է արժանի»,-ընդգծեց նա:
Երբեմն տպավորություն է, թե ակումբների աշխատակիցները առօրյա այլ հոգսեր, զբաղվածություն չունեն: Այնինչ, նրանց աշխատանքը սկսվում է երեկոյան, իսկ մինչ այդ. «Իհարկե, DJ-ն առաջին հերթին ակումբի ոգին է, շարժիչ ուժը, «մոտորը»: Ակումբային կյանքն ու կոլտուրան ավելի քան բարդ է, այն էլ Հայաստանում. մարդիկ մի քիչ այլ մտածելակերպ ունեն: Բայց մեկ է, հաճելի պրոցես է այդ մշակույթի մեջ մտնելն ու դրանով ապրելը: Ասեմ, որ ակումբից դուրս մենք սովորական քաղաքացիներ ենք՝ մեր խնդիրներով, հոգսերով ու գործերով: Անձամբ ես, գործից դուրս նորից գործի եմ. ստուդիայում գործիքավորում եմ անում, երաժշտական պրոյեկտներ եմ ունենում, երաժիշտների հետ եմ շփվում ու մասնագիտական հարցեր քննարկում: Այնպես որ, ժամանակս հագեցած է: Իսկ եթե ազատ ժամանակ եմ ունենում, անպայման նվիրում եմ ընտանիքիս, ընկերներիս: Նաև կարևորում եմ սպորտով զբաղվելը»,-մանրամասնեց DJ-ը:
Զրույցի վերջում DJ Smoke-ն առաջ ընկավ ու որոշեց առաջինն անձամբ շնորհավորել գործընկերներին ու ակումբասեր հանրությանը: «Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին, մաղթում եմ ստեղծագործական վերելքներ ու բազում առաջընթացներ: Իմ հանդիսատեսին էլ անչափ շնորհակալ եմ: Այդպես ուրախ մնացեք ու միշտ հարուստ ու առողջ եղեք: Բոլորիդ շատ սիրում եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: