11/03/2016 18:02
Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Ռուսաստանի հնագույն շենքերից մեկում. Սերժ Սարգսյան
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: Կազմակերպիչները հրատարակել են նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
Շրջայցի ավարտին թանգարանի հյուրերի մատյանում Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել. «Որպես Հայաստանի Նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Ռուսաստանի հնագույն շենքերից մեկում՝ Պատմության պետական թանգարանում, որտեղ անցկացվում է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությանը, որում քիչ չեն մեր եղբայրական ժողովուրդների պատմութան և մշակույթի միահյուսման մասին փառավոր էջերը: Համոզված եմ, որ այստեղ պահվող յուրահատուկ փաստաթղթերի և ցուցադրանմուշների շարքը այսուհետ ևս կհամալրվի հայ-ռուսական հարատև եղբայրության նոր արժեքավոր վկայություններով»:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա և արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Դմիտրիի Զորկինին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: ՀՀ Նախագահի կողմից նույն բարձր պարգևին են արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Յակովի Չայկան և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարիտա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ Նախագահի հաղթանակով:
Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Ռաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երևան: