11/03/2016 19:36
Ես այն տարիքում չեմ, որ մտածեմ, թե այդկերպ պետք է կայանամ. Ժան Նշանյան
Մարտի 9-ից Շանթ հեռուստաընկերությունը մեկնարկել է 24 մասից բաղկացած «Քարտ բլանշ» հեռուստաֆիլմը, որն էկրաններին կլինի շուրջ 3 ամիս: Հետևելով ֆիլմի առաջին մասերին՝ նկատելի է. այստեղ կա և՛ սեր, և՛ խարդախություն, և՛ դավաճանություն, և՛ դետեկտիվ, և որ ամենակարևորն է՝ ընկերություն… Ֆիլմի հայաստանյան ռեժիսորն է Գրիգ Վահրամյանը, Ամերիկյում նկարահանումներն իրականացրել է Գևորգ Սարգսյանը: Թեև մտահղացումը պատկանում է Նշանյան ընտանիքին, սակայն այդ ամենին երևակայություն ու շունչ է հաղորդել սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը:
Aysor.am-ի հյուրասրահում այսօր Նշանյաններից ավագն է՝ Ժան Նշանյանը:
-Պարոն Նշանյան, Ձեր ամբողջ ընտանիքն այժմ Հայաստանո՞ւմ է:
-Ոչ, Արմանն ու կինս՝ Շաքե Թուխմանյանը, ԱՄՆ-ում են: Ի դեպ, նկարահանվել են ռումինացի ռեժիսորի՝ հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում: Նրանք մի փոքր ուշ կլինեն Հայաստանում:
-Քանի որ մեր զրույցի հիմնական թեման նոր ֆիլմն է, կասե՞ք, թե որքան ժամանակում է նկարահանվել այն:
-Մեկ ամիս նկարահանել ենք Հայաստանում, և 9 օր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ֆիլմում ներգրավված են մոտ 21 դերասաններ ու հատկանշական է, որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են՝ Ռուդոլֆ Ղևոնդյան. Սամվել Սարգսյան, Արման Նշանյան, Շաքե Թուխմանյան, Հովակ Գալոյան, Վիգեն Ստեփանյան, Վիվյեն Բաստաջյան, Լևոն Շարաֆյան, Լուսինե Սարգսյան, Արսեն Գրիգորյան, Սուրեն Առուստամյան, ամերիկացի դերասան Քեն Գեմբլ… Բոլորին կդժվարանամ թվարկել, բայց ասեմ, որ ի սկզբանե մեր առջև նախապայման էինք դրել՝ աշխատել միայն պրոֆեսիոնալների հետ, ներգրավվել, այսպես ասած՝ լավ արտիստների: Իհարկե, կան լավ դերասաններ, որոնց չենք ներգրավել, բայց պատճառն այն է, որ նրանք զբաղված են եղել այլ նախագծերում: Ասեմ, որ մեզ մոտ գլխավոր ու երկրորդական կերպարներ չկան, բոլորն էլ առանցքային են: Ամեն մեկն իր կարևոր ֆունկցիան ունի՝ մեկն ավելի շատ, մյուսն՝ ավելի քիչ: Սցենարիստը կարողացել է այնպես անել, որ հենց այնպես որևէ մեկը ֆիլմում չերևա:
-Իհարկե, այստեղ ներգրավված են հայկական կինոյի այսօրվա գիգանտներից. խոսքս ավագ սերնդին է վերաբերում: Իսկ երիտասարդ դերասանների մասի՞ն ինչ կարծիքի եք:
-Ես շատ ուրախ եմ հատկապես մեր երիտասարդների համար՝ գլխավորությամբ իմ որդու, իր ընկերների, իր թիմի: Մենք արդեն այնպիսի տարիքում ենք, որ այլևս հրաշքներ չենք գործելու, իսկ իրենց առջև մեծ ճանապարհ կա… Շատ եմ ուրախանում ու հպարտանում, որ տեսնում եմ այսքան կազմակերպված, իրենց աշխատանքին լուրջ վերաբերող երիտասարդների: Ասածս միայն դերասանների մասին չէ, այլ նաև ռեժիսորի, մոնտաժողների, օպերատորների: Ուրախ եմ նաև, որ իրենք տղայիս ընկերներն են:
-Որքան հասկանում եմ, Արման Նշանյանի զբաղվածությունն այստեղ չէր սահմանափակվում միայն դերասանական աշխատանքով…
-Այո, ամենամեծ ծանրությունն ընկավ տղայիս՝ Արմանի վրա, քանի որ նա և՛ ԱՄՆ-ում, և՛ այստեղ նաև կազմակերպչական հարցերով էր զբաղվում: Ջանք ու եռանդ չէր խնայում: Պատկերացրեք, ես մեկ-մեկ ասում էի՝ Արման ջան, շատ մի մանրացիր, միևնույն է՝ չեն նկատելու այս կամ այն մանրուքը, ասում էր՝ չէ, պետք է անեմ, հասցնեմ, որ թերի չլինի: Դա ինձ համար հպարտություն է, հավատացեք:
-Թեև սցենարիստը Աստղիկ Սիմոնյանն է, բայց ֆիլմի գաղափարն ամբողջովին պատկանում է Նշանյան ընտանիքին, ճի՞շտ եմ:
-Գիտեք, ես մի քիչ դեմ եմ այդ ձևակերպմանը: Ի վերջո, մտահղացում բոլորն էլ կարող են ունենալ, բայց դա իրականացնել՝ այդքան էլ հեշտ չի: Ես չեմ սիրում ուրիշների գործի մեջ մտնել ու այդ փառքն ինձ վերցնել: Ես այն տարիքում չեմ, որ մտածեմ, թե այդկերպ պետք է կայանամ, և հետո, այդ աղջիկը հրաշալի աշխատանք է կատարել և դա է կարևորը… Ուրախ եմ, որ նրա հետ աշխատեցի, մտածող, կարող աղջիկ է և շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ գործ արեց:
-Քանի որ կյանքից վերցված պատմություն է, հնարավո՞ր է լինեն մարդիկ, ովքեր իրենց կճանաչեն ֆիլմում:
-Մենք միշտ էլ այս կամ այն կերպարին նմանեցնում ենք այս կամ այն մարդուն: Պետք չէ այստեղ նմանություններ, ընդհանրություններ փնտրել, ամեն դեպքում՝ մենք նման նպատակ չենք հետապնդել: Օրինակ, ես Ազգային անվտանգության գնդապետի եմ մարմնավորում ու կլինեն մարդիկ, որ ինձ կնմանեցնեն որևէ մեկին, բայց մենք հստակ նախատիպեր չունենք: Մեր հերոսները ոչ մեկի կյանքից վերցված չեն: Հակառակ դեպքում այն կլիներ փաստագրական, վավերագրական ֆիլմ:
-Բայց եթե չեմ սխալվում՝ Ձեր կերպարի անունը պատահական չի ընտրված:
-Կերպարիս անունը Հայկ է և, այո, հենց այնպես չի ընտրված… Ընկերոջս պատվին եմ այդպես անվանել հերոսիս, նա էլ Ազգային անվտանգության գնդապետ էր, երկու տարի առաջ եմ իրեն կորցրել: Բայց միայն անունն ու պաշտոնն է իրական, հերոսս ու ընկերս ընդհանուր ուրիշ ոչինչ չունեն:
-Գիտեմ, որ Վիգեն Ստեփանյանի փոխարեն սկզբնական շրջանում այլ դերակատար է ընտրված եղել: Եթե գաղտնիք չէ՝ ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւ որոշվեց դերասանին փոխարինել:
-Այնպես չի, որ մենք դերակատարների ենք փոխել, նույն հաջողությամբ կարող էր ինձ բաժին հասած դերն էլ մեկ ուրիշը խաղալ: Սա չուզենալու պատճառով չի, այլ հանգամանքներն են այսպես դասավորվել: Ցանկացած դերի համար էլ մի քանի դերասաններ են հրավիրվում, բայց ընտրությունը կանգ է առնում մեկի վրա: Ու այնպես չի, որ պատճառը հենց մասնագիտական ունակություններն են, ուղղակի պետք է ընտրվի կերպարին ամենահամապատասխանը: Այս կերպարում այսօր խաղացել է Վիգեն Ստեփանյանը, և իմ կարծիքով՝ շատ լավ է խաղացել: Նորից կկրկնվեմ ու կասեմ՝ ուրախ եմ, որ այսքան մտերիմ ու խաղաղ մթնոլորտում աշխատեցինք՝ առանց որևէ միջադեպի:
-Պարոն Նշանյան, «Քարտ բլանշում» ներկայացվում է 4՝ տարբեր աշխարհներ ու տեսակներ ներկայացնող մարդկանց ընկերությունը: Իրական կյանքում նման ընկերություն հնարավո՞ր է. բացասական կերպարը կարո՞ղ է ընկերություն անել դրականի հետ:
-Պատանի, երիտասարդ տարիքում, երբ ոչ-ոք մասնագիտություն չունի, այս կամ այն աշխարհի ներկայացուցիչ չի՝ բոլորին միավորում է ժամանակահատվածը: Ընդհանրապես, ես խուսափում եմ բացասական կամ դրական կերպար որակավորումից: Մեր հերոսների դեպքում էլ ժամանակահատվածն այնպիսին է եղել, ճակատագիրն այնպես է տնօրինել, որ մարդիկ տարբեր ճանապարհներ են ընտրել: Սակայն, միևնույն է, չեն դավաճանել իրենց ընկերությանը: Բոլորս էլ կյանքի ընթացքում սխալներ ենք գործում և այդ սխալները ուղղելու հնարավորություն է պետք:
-Եզրափակելով մեր զրույցը՝ փորձենք հասկանալ. ո՞րն է «Քարտ բլանշի» հիմնական մեսիջը:
-Ամենաբարոյական մարդն էլ կարող է սխալվել, անսխալ մարդ չկա, բայց ամեն մարդ կյանքում պետք է գոնե մեկ անգամ իրեն վերանայելու ու շտկելու, սրբելու հնարավորություն ունենա: Կարծում եմ, հեռուստադիտողն ավելի ճիշտ գնահատական կտա մեր աշխատանքին: Իհարկե, մենք չենք ասում, որ սա այնպիսի ֆիլմ է, որ «Օսկար» է շահելու: Ուղղակի փորձել ենք գոնե մի փոքր բարձրացնել այսօր տիրող հեռուստաճաշակն ու մակարդակը: Ամեն դեպքում, կարծում եմ, սա արահետ կբացի մի նոր գործ անելու համար: