12/03/2016 11:08
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող ստեղծագործությունների շարքով։ Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Ցուցադրության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին ներկայացվել է հայկական տաղավարը` ստեղծագործական աշխատանքների պատմությունը: Իրինա Բոկովան բարձր է գնահատել հայ արվեստագետի ստեղծագործությունները:
«Հայացք անցյալից» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը: Մասնակից երկրներն են` Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Թուրքիան, Կուբան, Ուկրաինան: