14/03/2016 11:09
«Եթե ես լինեի պապա». Անկեղծանում է որդին
Գեները կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում ու մի օր պարտադիր գլուխ են բարձրացնում՝ լինի 10, 20 թե 40 տարեկանում: Անսպասելի չէր, որ դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, հայրիկի ուղին կբռնի: Երիտասարդ դերասանը շուտով հանրությանը կներկայացնի հերթական մենաներկայացումը: «Սա իմ 2-րդ ներկայացումն է , առաջինը «Հայկա-սթրեսն» էր, որը խաղում էի 5 տարի առաջ՝ մինչ բանակ գնալս: Այն ունեցավ իր հանդիսատեսն ու իր հաջողությունը։ Այդ օրերից ի վեր շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ բոլորիս: Սակայն կան բաներ, որոնք միշտ կմանան անփոփոխ ինձ համար. օրինակ՝ մարդկանց ուրախացնելու, ժպիտ պարգևելու կամ հուզելու փափագը, որ ես ունեմ իմ սրտում: Ես ասելիք ունեմ, որը ցանկանում եմ կիսել մարդկանց հետ»,-Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Հայկը:
Նոր կատակերգական ներկայացումը կոչվում է «Եթե ես լինեի պապա»: Որպես դերասան՝ բեմում լինելու է միայն Հայկ Պետրոսյանը, բայց քանի որ ներկայացումը նաև երաժշտական ուղղվածություն ունի, նրան կընկերակցեն նաև երաժիշտ-ընկերները: «Ներկայացման գաղափարը ծնվեց, երբ ես բանակում էի։ Իմ ճանաչած զինվորների մեծամասնությունը ծառայությունից հետո իրենց ապագայի երկու զարգացում էին տեսնում. կամ ամուսնանալ, ընտանիք կազմել, կամ էլ գնալ «խոպան»՝ ինչ-որ բարեկամի մոտ։ Ես արտագնա աշխատանքի հետ կապված պլաններ չունեի և սկսեցի մտածել ընտանիք կազմելու մասին․ինչպիսի՞ն կլինի իմ կյանքը, եթե ամուսնանամ, եթե ստանձնեմ այդ պատասխանատվությունը, եթե ունենամ զավակներ… Ինչպիսի՞ն կլինեի ես, եթե լինեի պապա»,-ժպիտով անկեղծացավ մեր զրուցակիցը։
Ներկայացումը շոշափում է տարբեր թեմաներ՝ շրջանցելով միայն քաղաքականը: Եվ դա ինքնանպատակ չէ արված: «Առաջին հատվածում շեշտը դրված է ավելի շատ կին- տղամարդ փոխհարաբերությունների հումորային վերլուծությունների վրա. թե ինչպե՞ս են այդ փոխհարաբերությունները ձևավորվում, զարգանում՝ մինչ կստեղծվի ընտանիքը: Այնուհետև ծնվում է երեխա և սկսվում են արծարծվել թեմաներ, որոնք կապված են մեր մանկության հետ. ինչպիսի՞ն էինք մենք, ինչպիսին են այսօրվա երեխաները… Իսկ այ վերջաբանում ես շարունակում եմ «Եթե ես լինեի պապա» կիսատ մնացած նախադասությունը… Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա ներկայացման մեջ չկա քաղաքական հումոր՝ երկու պատճառով. նախ, այսօր մեր հասարակությունում ամեն 2-րդը առավոտյան արթնանալուց հետո կամ փաբ է բացում, կամ իրեն երևակայում է քաղաքական երկիծաբան՝ 2 դեպքում էլ «տակ տալով»: Չեն ընկալում այդ ժանրի խորքը, ասելիքի կամ քննադատության իմաստը և նրբությունները: Հենց այդ պատճառով էլ քաղաքական թեմաները հաճախ ձանձրալի են դառնում և անհամ, մարդիկ արդեն հոգնել են դրանից: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ես ցանկանում եմ ներկայացումը լինի ուրախ շոու՝ նախատեսված ընտանեկան դիտման համար: Այնպես, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները կարող են հանգիստ գալ»,-մանրամասնեց նա։
Թեև ներկայացման սցենարիստն ինքն է, սակայն ընդգծեց նրանում դեր ունեցող ամենակարևորներին. «Կարող եմ ասել, որ սցենարիստը և՛ ես եմ, և՛ ոչ: Ընդհանուր առմամբ՝ ես եմ գրել ամեն ինչ, սակայն այս տիպի ներկայացումները հասարակական տարբեր երևույթների կամ տարբեր մարդկանց բեմականացված, հումորային պատկերն են: Կան բաներ, որոնք հորինված չեն, ինձ պատմել են, կամ ինքս եմ ականատես եղել: Փաստորեն, տարբեր մարդիկ կամա թե ակամա դարձել են «հեղինակ»: Բայց իհարկե, այդ ամենը ներկայացնում եմ իմ մշակումներով»:
Ինչպես արդեն նշեցինք, ներկայացումը համեմված է լինելու երգերով և երաժշտական համարներով։ Դերասանի խոսքերով՝ գրեթե բոլոր երգերը հեղինակային են՝ հարմարեցված ներկայացման կոնտեքստին. «Շատ ուրախ եմ, որ իմ ըներները համաձայվեցին այս անգամ ևս միասին աշխատել: Սա մեր՝ թվով 2-րդ համատեղ նախագիծն է: Առաջինը Շարլ Ազնավուրի երգերով համերգն էր։ Բեմի վրա ինձ հետ լինելու են դաշնակահար–կոմպոզիտոր Կարեն Անանյանը, կիթառահար Ալեքսանդր Հակոբյանը, բաս-կիթառ Դավիթ Պողոսյանը և հարվածային գործիքներ Արմեն Ավետիսյանը»:
Հայրերը միշտ էլ որդիների առաջին օգնականն են, ու թեև Վարդան Պետրոսյանն այսօր լիովին ազատության մեջ չէ, բայց միևնույն է՝ որդու կողքին է ոչ միայն որպես ծնող, այլ նաև՝ խորհրդատու և կոլեգա: «Հայրս ինձ միշտ է օգնել։ Շատ հարցերում իմ կյանքում ես նրան եմ պարտական ու շնորհակալ։ Կոնկրետ այս ներկայացման մասով ասեմ, որ այո, նա ինձ խորհուրդներ է տալիս սցենարական հարցերում՝ ի՞նչը կարելի է կրճատել կամ երկարացնել, ինչպիսի՞ն պետք է լինի բեմական կեցվածքը և այլն։ Հայրս ահռելի բեմական փորձ ունի և ինձ համար մեծ երջանկություն է նրանից սովորել՝ ոչ միայն որպես մեծ մարդուց, այլ նաև որպես մեր ժամանակների մեծագույն արտիստից»,-հպարտությամբ նշեց Հայկ Պետրոսյանը։
Տեղեկացնենք, որ 1 ժամ 30 րոպե տևողությամբ «Եթե ես լինեի պապա»-ն Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի բեմում կլինի մարտի 21-ին, 28-ին և 29-ին՝ ժամը 19։30-ին: «Ուզում եմ իմ շնորհակալության խոսքն ասել Տիկնիկային թատրոնի աշխատակազմին՝ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ՝ ինձ այդ ամենաբարի թատրոնում բեմ տրամադրելու համար: Տիկնիկային թատրոնի դահլիճն ունի զարմանալի բարի մթնոլորտ: Գուցե նրանից է , որ այնտեղ երեխաները հաճախ են լինում։ Սրտատրոփ կսպասեմ բոլորին»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը: