15/03/2016 11:15
Հայ հանդիսատեսին շլացնող երեկո է սպասվում. Զառա Մխեյան
Ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային մեծության աստղ, իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի երկար սպասված համերգը:
Ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիի «Perfetto-2016» անվանումով համաշխարհային շրջագայության ներքո իրականացվող համերգի կազմակերպիչներն են «Trident Music», «GlobalCommunications» և «FORPOSTART PRODUCTION» ընկերությունները:
Առնական, ռոմանտիկ, սեքսուալ Էրոս Ռամազոտին իր քնարական բալլադներով գրավել է ամբողջ աշխարհի գեղեցիկ սեռի միլիոնավոր ներկայացուցիչների սրտերը: Նա համաշխարհային հռչակ է ձեռք բերել որպես իրական զգացմունքներով և հույզերով լեցուն երգերի ամենաանկեղծ կատարող: Էրոս Ռամազոտիի շոուն մշտապես ենթադրում է տեսարժան ու աչք շոյող բեմական ձևավորում, առանձնահատուկ համատարած լուսահեղեղ, հրավառություն, հոյակապ բեմական հագուստ և ամենակարևորը՝ հիասքանչ երաժշտություն և ոճ:
Լեգենդար կատարողը միլիոնների սիրելին է, ում երգերը մեկ անգամ չէ, որ գլխավորել են Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեդիայի և աշխարհի այլ շատ երկրների երաժշտական վարկանիշային աղյուսակները: Նա ելույթներ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, նրա ձայներիզները վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով: Էրոս Ռամազոտին արժանացել է երաժշտական ամենատարբեր ու հողինակավոր մրցանակների ու պարգևների: Նրա համագործակցությունը համաշխարհային առաջին մեծության աստղեր Շերի, Թինա Թյորների, Անդրեա Բոչելիի, Ջո Կոկերի, Անասթեյշնի, Լուչանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի, Ադրիանո Չելենտանոյի հետ իրենց պատվավոր տեղն են գրավել երաժշտության աշխարհում, և հաստատել են նրա՝ համաշխարհային մեծության աստղի կոչումը:
«Էրոս Ռամազոտին, անկասկած, իտալական փոփ երաժշտության վառ ներկայացուցիչն է, իտալական էստրադայի լավագույն փոփ-քնարերգակը: Նա ոչ միայն տիրապետում է բացառիկ վոկալային տվյալների, այլև՝ կատարման յուրահատուկ ձևերի, միայն իրեն հատուկ խարիզմայի, այրական հմայքի և ձգողականության: Նրա երգերն առանձնանում են իրենց անկեղծությամբ, խորությամբ և հուզականությամբ. իսկ փոքր-ինչ խռպոտ, երբեմն թեթևակի կտրվող ձայնը միայն ուժգնացնում է այդ տպավորությունները»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆորտպոստարտ ընկերության ղեկավար Զառա Մխեյանը, ով ընդգծում է, որ հայ հանդիսատեսին շլացնող երեկո է սպասվում: «Մենք արդեն մի քանի անգամ նախագծեր ենք ներկայացրել, որոնք անցել են հիացական ծափողջույնների ու բավականին ջերմ մթնոլորտում: Այս նախագիծը ևս բացառություն չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Noi» անվանամբ շլացուցիչ համերգաշրջանից երկու տարի անց Էրոս Ռամազոտին հանդես կգա 34 համերգներով՝ «Perfetto» նոր համաշխարհային տուրի շրջանակներում՝ ներկայացնելով իր համանուն ձայներիզը, որոնցից մեկը կկայանա Երևանում:
Համաշխարհային շրջագայությունը մեկնարկում է Իտալիայում երկու մեծ համերգներով՝ Վերոնա քաղաքի պատմական բեմահարթակում: Երգչի ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում և Վրաստանում կայանալիք մեկամսյա շրջագայության ընթացքում նա կտա 12 բացառիկ համերգներ:
Նոր ալբոմը իտալացի լեգենդար երգչի 30-ամյա կարիերայի ընթացքում երաժշտական ստուդիայում թողարկվածներից 13-րդն է: «Perfetto» ձայներիզը, որի վրա արտիստն աշխատել է երկու տարի, հանդիսատեսի դատին է հանձնվել 2015 թվականի մայիսի 12-ին:
«Երբ դու ավարտում ես աշխատանքդ որևէ նախագծի շուրջ, դու նայում ես այդ ամենին կողքից, ավելացնում վերջին շտրիխները և ասում «Perfetto!»: Հենց դրա համար էլ ես որոշեցի այդպես կոչել իմ նոր ալբոմը: Առավել ևս , որ այդ բառը գիտեն և հասկանում են ամբողջ աշխարհում» - ասում է Էրոս Ռամազոտին:
Նշենք, որ երգիչն առաջին անգամն է լինում Հայաստանում: Ռամազոտիի տարբերիչ հատկությունն այն է, որ նա երբեք չի աշխատում տեղի սարքավորումներով: Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Այս անգամ ևս արտիստն իր հետ Երևան կբերի մինչև վերջին մանրուքը, այդ թվում՝ հատուկ ռոբոտներ, լույսերի ծով, հիասքանչ հրավառություն և, իհարկե, կենդանի ձայն: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 80 մարդ է ընդգրկված: