15/03/2016 20:20
Իռեն Ուլիխանովան` ամենամեծ երազանքի և օրվա անակնկալների մասին. Մենապարուհին նշում է 33-ամյակը
Այսօր Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնի մենապարուհի, պարուսույց, Երևանի Պետական համալսարանի պարային համույթի գեղարվեստական գեղավար Իռեն Ուլիխանովան նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը: Հոբելյարն օրն անցկացնելու է ընկերների, գործընկերների և հարազատների միջավայրում:
«Այսօր նաև մեր կոլեկտիվից երկու հոգու ծննդյան օր է, որոշեցինք միանալ և ընդհանուր խնջույք կազմակերպել: Վստահ եմ, որ մեզ գեղեցիկ երեկո է սպասվում»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց օրվա հերոսը:
Դեռ կեսգիշերից մենապարուհին բազում շնորհավորանքներ է ստանում: Թեև փոքրիկ անակնկալներ ստացել է ընկերների, նաև ամուսնու՝ ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանի կողմից, բայց վստահ է՝ ամեն ինչ դեռ առջևում է: «Տեսնենք, թե ո՞ւմ երևակայությունն ինչպես կաշխատի, ժամը 18:00-ից հետո, կարծում եմ, հետաքրքիր իրադարձություններ են սպասվում… Միայն նշեմ, որ Վահագնը 24:00-ին գնաց և ավտոմեքենայից ծաղիկներ ու մի կտոր խմորեղեն բերեց՝ վրան մոմ: Բայց ասեմ, որ նա սովորաբար անակնկալներ մատուցելու սիրահար չէ, միշտ ինձ է հարցնում՝ ի՞նչ անենք, ինչպե՞ս կուզես, որ կազմակերպենք… Թեև, հիշեցի, մեկ ամիս առաջ «Վալենտինի» տոնին ինձ շուն է նվիրել, բայց դե նման անակնկալները հաճախակի բնույթ չեն կրում»,-ժպիտով անկեղծացավ նա:
Ի դեպ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նվերների հարցում բոլորովին էլ քմահաճ չէ և շատերի պես չի «հուշում»՝ ինչ նվիրել իրեն. «Ինձ համար կարևոր չէ, թե ինչ կնվիրեն, կարևորն այն է, որ դա լինի ի սրտե, բարի կամքով»:
Սակայն ինքն իրեն մաղթանք ունի, որն էլ ցանկանում է իրականացնել հենց այս տարի: «Շատ եմ ցանկանում, որ գոնե այս տարի կարողանամ վայելել հանգիստս այնպես, ինչպես ինքս եմ ուզում: Աշխատանքիս բերումով արդեն 2 տարի է՝ չեմ կարողանում նորմալ հանգստանալ, ու հիմա, կարծես, թե միայն դրա կարիքն ունեմ»,-նշեց նա:
Զրույցի վերջում պարուհին շնորհավորեց օրվա բոլոր հոբելյարներին ու հպարտությամբ խոստովանեց. «Ուրախ եմ, որ Լեոնիդ Ենգբարյանի հետ նույն օրն եմ ծնվել»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է բոլոր հոբելյարներին: Թող իրականանան բոլորի բարի նպատակները: