16/03/2016 19:53
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ մշակույթը վերջին տեղում է. Ժիրայր Դադասյան
Երեկ մնջախաղի մեծագույն վարպետ, աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 81 տարեկան: Կյանքից հեռանալով ընդամենը 37 տարեկանում՝ նա հասցրեց վաստակել ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումն ու դառնալ իր և մեր ժամանակների հպարտությունը: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ժիրայր Դադասյանի հետ:
«Իր ապրած կարճ տարիների ընթացքում ահռելի մի ժառանգություն թողեց, որի պրոպագանդայի կարիքն այսօր կա ու մենք փորձում ենք դրանով զբաղվել: Հենց այդ պատճառով էր, որ մեր փառատոնն անվանեցինք իր անունով: Ամեն ինչից զատ՝ նա մեզ տվեց նաև շատ կարևոր մեկ այլ բան. լույսի, բարության, ընկերության, քնքշության, մանկական չարաճճիության և սիրո դրսևորման ամենաանկեղծ միտումը: Այս ամենն այսօր խիստ պակասել է մեր հանրության մեջ ու դրա կարիքն ունենք առավել, քան երբեք: Հատկանշական է, որ նրան առաջին հերթին հենց երեխաներն էին շատ սիրում, քանի որ նա անկեղծ էր իր ասելիքի, իր փոխանցած «մեսիջների» մեջ: Չէ՞ որ երեխաները կեղծիքն արագ, անմիջապես են ընկալում»,-նշեց Ժ. Դադասյանը:
Անվանի ծաղրածուն միջազգային ճանաչման հասավ բավական երիատասարդ տարիքում: Թե ինչո՞վ է պայմանավորված, որ այսօր նման հաջողություններ այնքան էլ հաճախ չեն գրանցվում՝ մեր զրուցակիցը պարզաբանեց. «Գիտեք, սա շատ խորը ուսումնասիրության խնդիր է… Պետք չէ մոռանալ, թե ինչ է նշանակում 60-ական թվականներ, որն ամբողջ աշխարհում արվեստների վերելքի լավագույն ժամանակաշրջանն էր, ուսանողական շարժումներն էին սկսվել, ռոքն էր իր տեղում հաստատվում… Մի խոսքով, մշակութային կյանքն աշխարհում վերազարթոնքի մեջ էր գտնվում: Այնպես որ ամեն ինչ պետք է այդ կոնտեքստի մեջ դիտարկել»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն ընդգծեց, որ մեր սերնդի բախտը, մեղմ ասած, այնքան էլ չի բերել. ապրում ենք խիստ աննպաստ մշակութային ժամանակներում ու պայմաններում: «Ամբողջ աշխարհում է այդպես, արվեստագետները գնահատվելու լուրջ խնդիր ունեն: Այնպես չի, որ ամենուր լավ է, իսկ մեզ մոտ՝ շատ վատ: Ամեն դեպքում, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ եկող սերունդը կայանա: Չկա այնպիսի տարի, որ մենք միջազգային փառատոններում առաջին մրցանակ կամ ոսկե մեդալ չշահենք, ուղղակի դա մշակութային երևութականացման չի հասնում, քանի որ ընդհանուր հետաքրքրվածություն չկա: Ամբողջ աշխարհում մարդկությունը համատարած զոմբիացած վիճակում է գտնվում: Մենք էլ, ճիշտ է, փորձում ենք մեր փոքրիկ խմբով, մեր թատրոնով ինքներս մեզ պահպանել, մեկուսանալ արտաքին աշխարհի ագրեսիայից, բայց լիովին հեռու մնալ ու դրա գոյությունը ժխտել՝ հնարավոր չէ»:
Այնուամենայնիվ, արդյոք այսօր նկատելի են մեծ արտիստի հետևորդները և արդյոք ժամանակը մի նոր Ենգիբարյան կծնի. «Ըստ իս՝ «հետևորդներ» տերմինը արհեստական է: Պարտադիր չէ կրկնել այն, ինչ արել է նա: Ուղղակի պետք է սնուցվել դրանով և փորձել վերարտադրվել սեփական մտքերով, զգացողություններով ու տեսակով: Կարծում եմ, նա հրաշալի սնուցման աղբյուր է՝ իր գործունեությամբ, նովելներով ու պայծառ կերպարով»:
Որքան էլ ասեն, որ արվեստն ազգություն չի ճանաչում, միևնույն է՝ լեզուն երբեմն խանգարում է ընկալել այն: Այդ ֆոնին՝ մնջախաղն արվեստի ամենապոպուլյար տեսակն է, որը հասանելի է ցանկացած լեզվամտածողությամբ մարդու: «Այն թարգմանության խնդիր չունի, դինամիկ է ու մեծ հնարավորություններով: Կարող եմ ասել, որ հատկապես այսօր երիտասարդների շրջանում հետաքրքրվածությունը մեծ է արվեստի այս ճյուղի նկատմամբ: Շատերն են փորձում իրենց այս բնագավառում»,-վստահեցրեց Ժ. Դադասյանը:
Ի դեպ, Երևանի Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է մնալ անհասցե, քանի որ, ի տարբերություն բազում ճոխ խոստումների՝ թատրոնն այդպես էլ սեփական շենք ու տարածք չունի: «Լինելով պետական թատրոն և ամենամասսայական ժանրի կրողը՝ այսօր մենք շենք չունենք, այո: Ես այդ մասին ամեն տարի «հիշեցնում» եմ ու շարունակելու եմ հիշեցնել: Մենք միջազգային փառատոն ենք կազմակերպում, ինքներս տարբեր փառատոնների ենք մասնակցում, հաղթանակներով վերադառնում, բայց արդյունքում պայման չունենք զարգացնելու այս արվեստը: Դա մեզ համար շատ ցավալի է, քանի որ հասկանում ենք՝ այդպես հնարավոր չէ երկար գոյատևել: Գալու է մի պահ, որ գուցեև մտածենք՝ այլևս անիմաստ է պայքարել: Իհարկե, դրա համար ցավում եմ, բայց անխուսափելի է»,-խոստովանեց նա:
Ժիրայր Դադասյանն այլևս լուրջ չի վերաբերում համապատասխան մարմինների խոստումներին, քանի որ դրանք մնում են միայն թղթի վրա. «Շենք հատկացնելու վերաբերյալ փայլուն խոստումներ միշտ եմ լսել, բայց առարկայական որևէ քայլ չկա: Քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ մշակույթը վերջին տեղում է, կարածում եմ՝ այս հարցն այդպես էլ չլուծված կմնա: Թեև ես փորձում եմ անընդհատ բացատրել, որ ամենաաշխատող, մոբիլ ժանրը մեր ժանրն է ու այն կարևոր է նաև զբոսաշրջության տեսանկյունից: Որակի մասին էլ խոսք լինել չի կարող, դա բոլորը գիտեն: Առաջին հերթին քաղաքապետարանը պետք է հետաքրքրված լինի, բայց ի՞նչ ասեմ, պատկերը սա է… Ինչո՞ւ պետք է մենք «նախանձով» նայենք մյուս պետական թատրոնների իմ կոլեգաներին, ովքեր իրենց տարածքներում հանգիստ աշխատում են: Ինչո՞ւ պետք է մենք այդ խնդիրն ունենանք, չէ՞ որ մենք էլ մյուս պետական թատրոնների պես պետական թատրոն ենք, և արդեն 42 տարեկան: Այս ամենի մեջ անարդարություն կա»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: