16/03/2016 20:28
Մտածել են այնպիսի մի բան, որին չպետք է ո՛չ խառնվել, ո՛չ էլ խանգարել. Նաիրա Մովսիսյանը ծննդյան անակնկալի, անձնական կյանքի և դստրիկի մասին
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց և սիրեց «Կյանքի կարուսել» նախագծից, այսօր տոնական տրամադրություն ունի: Թեև վերջին շրջանում դերասանուհին խուսափում է անկեղծ հարցազրույցներից, սակայն հերթական անգամ անկեղծացավ հենց այսօր՝ իր ծննդյան 28-րդ տարեդարձին: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց օրվա անցուդարձի, բոլորովին վերջերս լույս աշխարհ եկած փոքրիկի, նաև՝ նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանի հետ հարաբերությունների մասին:
-Նաիրա, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպե՞ս եք պատրաստվում օրն անցկացնել:
-Ընկերներս՝ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը, Սեդա Կարապետյանը և մյուսները, ինչու ոչ՝ նաև երեխայիս հայրը ասացին, որ տանը մնամ, ինչը նշանակում է, որ իրենք, հավանաբար, իմ փոխարեն կազմակերպում են ծննդյանս տոնը: Ես էլ խելոք իրենց ենթարկվում եմ (ծիծաղում է): Թե ով կգա, ով՝ ոչ՝ չգիտեմ, երեկոյան ամեն ինչ պարզ կլինի:
-Փաստորեն, ընկերները Ձեզ «խնայեցին» և որոշեցին փոքրիկի մո՞տ թողնել:
-Այնպես չի, որ դստրիկս միշտ տանն է մնում, ես նրան ինձ հետ ամենուր տանում եմ: Ուղղակի, երբ իմացան, որ որևէ պլան դեռևս չունեմ, որոշեցին իրենք նախաձեռնել:
-Պատրաստություն տեսնելո՞ւ եք նրանց դիմավորելու համար:
-Ոչ, բացարձակ: Ինձ ասել են մնա տանը, և ոչ թե՝ պատրաստություն տես (ծիծաղում է)… Գիտեք, եթե քեզ այնքան մտերիմ են, որ առավել, քան դու՝ տանդ, ընտանիքիդ անդամն են, նշանակում է՝ կաշկանդվել պետք չէ: Մտածել են այնպիսի մի բան, որին չպետք է ո՛չ խառնվել, ո՛չ էլ խանգարել: Ես էլ նրանց համար այդպես կանեի:
-Թեև օրվա գլխավոր անակնկալներն առջևում են, այնուամենայնիվ, արդեն իսկ նվերներ ստացե՞լ եք:
-Իհարկե, արդեն անակնկալներ ստացել եմ մայրիկիս և բալիկիս կողմից, ԱՄՆ-ից եմ անակնկալ ստացել… Ասեմ, որ նվերս գումարային տեսքով է:
-Դա Ձե՞ր նախընտրությունն է:
-Այո, ես փող շատ եմ սիրում (ծիծաղում է): Իրականում, ես անակնկալների մեծ սիրահար չեմ, որպես անակնկալ ինձ ավելի շատ կարող է ապշեցնել և հիացնել մարդու վերաբերմունքը, տեսակը, բացահայտումները, և ոչ թե նյութականը: Ինչ վերաբերում է նվերներին, նախընտրում եմ այն նվերները, որոնք ինքս եմ ցանկանում ստանալ: Տրված գումարներով յուրաքանչյուրի անունից ինձ համար գնում եմ այնպիսի մի բան, որը միշտ ինձ հետ կլինի ու տվյալ մարդուն կհիշեցնի:
-Շատ կանայք ու աղջիկներ ծաղիկների սիրահար են:
-Ես էլ սիրում եմ ծաղիկներ նվեր ստանալ, բայց՝ ոչ խնամել: Ի դեպ, նշեմ, որ մեծամասամբ միշտ գրքեր եմ նվեր ստացել ու այս տարի էլ կցանկանայի շատ գրքեր ստանալ:
-Նշեցիք, որ սիրում եք մարդկանց ուղղորդել, թե Ձեզ ինչ նվիրեն: Այսօր է՞լ նման հուշումներ արել եք ընկերներին և Ձեր նախկին ամուսնուն:
-Քանի որ բալիկիս հայրիկը գրեթե ամեն օր է ինձ անակնկալ մատուցում (փոքրիկին նվերներ բերելիս մայրիկին չի մոռանում Ն.Մ), ապա նրան շատ բան հուշել պետք չէ, արդեն գիտի, թե ինձ ինչ պետք է նվիրի: Բայց միասին պետք է գնանք, որպեսզի ընտրեմ: Տեսնեմ, սպասում եմ, դեռ վստահ չեմ (ծիծաղում է):
-Փաստորեն, շփումը նրա հետ պահպանվում է:
-Իհարկե, մենք նորմալ և մարդավարի շփվում ենք պահպանում, բայց իհարկե, դա ոչինչ չի նշանակում:
-Վան Հակոբյանի՝ նման քայլերը միգուցե ընտանիք վերադառնալու փորձե՞ր են:
-Ոչ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք շփվում, ապրում ու ամեն բան անում ենք միայն հանուն երեխայի, նրա համար: Երեխան մեղք չունի և պետք է մեծանա դրական աուրայում:
-Ինքներդ մտածո՞ւմ եք կյանքը նորից կարգավորելու, ընտանիք կազմելու մասին:
-Ընտանիք կազմելու մասին ներկայումս չեմ մտածում, բայց դե կյանքը շարունակվում է ու գեղեցիկ կյանքի մասին միշտ եմ մտածում: Գիտեք, ընտանիք կազմելն «արագի» մեջ չի լինում, դրա համար ժամանակ է պետք: Թեև, իմ դեպքում ո՞վ գիտի, տեսնենք՝ կյանքն ինչ կմատուցի (ժպտում է):
-Նաիրա, երկրորդ անգամ «նույն գետը» մտնելիս առավել շատ ինչի՞ն ուշադրություն կդարձնեք:
-Դիմացինի անկեղծությանը… Բայց դա էլ հարաբերական է: Քեզ թվում է, թե այդ պահին ամեն ինչ շատ անկեղծ է, բայց…
-Դուք անկե՞ղծ եք:
-Այո, ես չափից շատ անկեղծ եմ, որպեսզի չհավատամ մարդկանց: Բայց չեմ էլ ուզում, որ իմ մեջի հավատը երբևէ կորի:
-Բայց այդ չափից շատ անկեղծությունը Ձեզ չի՞ խանգարում կյանքում:
-Միշտ է խանգարում: Այդ պատճառով էլ իմ կյանքում մնացին մարդիկ, ովքեր եղել են, կան ու կմնան, ովքեր էլ մաղվեցին՝ շնորհակալ եմ իրենց: Նրանցից շատ բան սովորեցի, հավատացեք:
- Առաջին անգամ Ձեր ծննդյան տոնը նշում եք մայրիկի կարգավիճակում: Ինչպիսի՞ն են զգացողությունները:
-Անսովոր զգացողություն է, բայց քանի որ ցանկացած հարցում Աստված մի քիչ շռայլ է իմ նկատմամբ՝ տպավորություն է, որ այսպես, թե այնպես՝ նա այսօր ինձ հետ պետք է լիներ: Իմ պահած երազանքներն ու ցանկությունները իրականանում են: Նախորդ տարի, քանի որ արդեն ամուսնացած կին էի, ցանկություն էի պահել, որ հրաշք կատարվի ու այդ հրաշքն իրականացավ:
-Մարիան արդեն քանի՞ ամսական է:
-Երեք ամսական հրաշք բալիկ է:
-Որքան նկատում եմ, նրան «թաքցնում» եք հետաքրքրասեր աչքերից:
-Չեմ թաքցնում, ուղղակի իրենից նկարներ չեմ հրապարակում ու չեմ էլ հրապարակի: Իմ կյանքի ընթացքում շատ եմ թույլ տվել, որ մարդիկ իմ «տուն», իմ «սենյակ» մտնեն, այլևս բավական է: Նա ամենուր ինձ հետ է, իմ հարազատները, ընկերները, մտերիմները տեսնում են նրան: Իսկ համացանցն անղեկավարելի է, երբեմն այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ ապշում ես: Եթե երեխայիս նկարը հայտնվի ու նմանատիպ որևէ քոմենթ գրեն, դա հաստատ «պատերազմ» կդառնա, այս անգամ չեմ հանդուրժի…
-Նրանով առավել շատ ո՞վ է զբաղվում, առօրյան կազմակերպում:
-Իր հայրիկն ու մայրս են շատ օգնում այդ հարցում ինձ: Զբոսանքների են տանում, զբաղեցնում, իր հետ խաղում: Նա բոլորի ուշադրության կենտրոնում է, մեկ-մեկ նեղվում եմ, ինձանից առաջ է ընկնում (ժպտում է):
-Ո՞ւմ է նման փոքրիկը:
-Ասեմ այսպես. իմ մտերիմներն ասում են՝ 90 տոկոսով ինձ, 10 տոկոսով Վանին Վանիկի հարազատներն էլ նույն սկզբունքով են շարժվում՝ 90 տոկոս իրեն, 10 տոկոս՝ ինձ (ծիծաղում է): Չգիտեմ, ինձ թվում է երկուսիս միքսն է, թեև մայրս ասում է, որ ինձ է շատ նման:
-Արդեն մկրտե՞լ եք:
-Ոչ, բայց շատ-շատ եմ ցանկանում մկրտել: Պարզապես, մորեղբորս կորուստը մեր պլանները փոխեց: Բայց իրեն հաճախ եմ եկեղեցի տանում, որպեսզի շփվի լավ մարդկանց, հոգևորականների հետ: Դրական էներգիա է ստանում նրանցից:
-Նաիրա, մի պահ անջատել էիք Ձեր ֆեյսբուկյան էջը: Ինչո՞ւ:
-Գիտեք, երեխայիս հայրիկի հետ միասին չափից շատ թույլ տվեցի, որ մարդիկ իմ անձնական «անկողին» մտնեն: Արդեն հոգնել էի կրկնվող հարցերից ու որոշեցի մեկուսանալ համացանցից: Երբ ժամանակին դա չկար, շատ ավելի լավ էր. ինքնակրթվում էինք, մարդկանց հետ շփվում իրական կյանքում, և ոչ թե վիրտուալ տիրույթում:
-Այնուամենայնիվ՝ վերադարձաք…
-Դա նորից իմ մտերիմ ընկերոջ՝ Արթուր Հայրապետյանի շնորհքն էր, ով անընդհատ համոզում էր էջս ակտիվացնել: Քանի որ ինձ համար կարևոր է, թե դա ով է ասում՝ ակտիվացրեցի:
-Մի փոքր էլ անդրադառնանք գործունեությանը. կարծեք թե Ձեր ստեղծագործական դադարը շարունակվում է: Այսքան նախագծեր, սերիալներ են նկարահանվում, առաջարկներ չունե՞ք:
-Որոշակի առաջարկներ կան, բայց դեռևս հստակեցված չեն: Բայց որ ասեմ, թե առաջարկներս այնքան շատ են, որ դրանց մեջ խճճվել եմ՝ սուտ կլինի: Երևի դա նորմալ է, չէ՞ որ մեզ փոխարինում են նորերը, կապ չունի՝ անորակ, թե որակով: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ներկա պահին որոշակի սերիալներում չեմ: Ավելի լավ է սոված նստեմ տանը, բայց չցածրացնեմ այն, ինչը թանկ է ինձ համար:
-Որպես հեռուստադիտող է՞լ չեք հետևում այդ սերիալներն:
-Հետևում եմ, բայց մեկ սերիայից ոչ ավել… Անկեղծ ասած՝ սարսափելի է: Անուն չտամ, բայց մի սերիալ կար, որ որոշեցի նայել՝ իբր ծիծաղելու համար: Ընկերներս կփաստեն՝ երկու րոպե անց ճնշումս բարձրացավ: Ես ցավ եմ ապրում այդ վիճակի համար: Վահե Շահվերդյանի արվեստանոցն ավարտած ոչ մի ուսանող չի կարող դա նորմալ ընդունել: Մենք սովորել ենք Ստանիսլավսկի, Չեխով և ոչ թե «քուչա»… Այսօր բոլորս էլ կարիք ունենք, բայց պետք չի ծախվել հանուն փողի, կարգավիճակն իջեցնել: Այնպես չի, որ ես կատարյալ եմ, բայց համենայնդեպս իմ գործը գրագետ եմ մատուցում: Նույնիսկ, եթե սցենարն ինձ դուր չի եկել, ինքս եմ կարմիր գրիչով ուղղել… Այն, ինչ այսօր կատարվում է, երկու ծայրահեղություն է՝ շատ լավ՝ Հայաստանի համար, և շատ վատ: Իհարկե, դրանում իմ մեղքն էլ կա, ես է այս երկրից եմ ու այս դաշտից: Ես էլ եմ մեղավոր, որ լավն է և որ վատն է: Ինքս էլ հանդիսատես և հեռուստադիտող եմ…
-Շատ լավն է՞լ եք տեսնում:
-Իհարկե, լավն էլ ունենք, առանց դրա չի լինի. աշխատասեր ու տաղանդավոր դերասաններ ունենք, հետաքրքիր պրոյեկտներ, որոնք դեռ նայվում են: Ես համացանցում եմ տեսնում այդ նախագծերը, քանի որ դեռ հայկական հեռուստաընկերություններին չեմ հետևում, նախընտրում եմ ռուսական «Культура» հեռուստաալիքը… Բայց ինչո՞ւ, ես էլ եմ ուզում մշակույթ թելադրող մեկը լինի, ում կլսեմ, ով ինձ կհետաքրքրի: Չկա այսօր մի հաղորդում, որը փոքր երեխայի համար հետաքրքիր կլինի: Կարոտով եմ հիշում «Բարի գիշեր» հաղորդումը, որն այսօր չկա: Ճիշտ է, իմ աղջիկը դեռ փոքր է, բայց ես նրա համար հին մուլտիկներ, հին երգեր եմ գտնում ու դնում: Սերունդը պետք է խորքից դաստիարակվի, իսկ մենք արդեն ետ ենք մնացել:
-Փաստորեն, հայկական հեռուստաընկերություններով չի հեռարձակվում որևէ հաղորդաշար, որը Ձեզ կհետաքրքրի, որին չեք զլանա հետևել:
-Միայն երկուսը կնշեմ. «Ամենախելացին», որը երեխաների համար կարևոր աշխատանք է կատարում: Նաև, գուցե զարմանալի լինի՝ «Կիսաբաց լուսամուտները», որին ժամանակին մասնակցում էի՝ որպես խորհրդատու: Չեմ հերքի, կան մարդիկ, ովքեր ասում են գնանք, նայենք, մի քիչ «տժժանք», ես էլ այդ մարդկանց շարքերում եմ եղել: Բայց վերջերս ավելի շատ ցավ եմ ապրում, երբ նայում եմ: Շատ լավ է, որ բարեգործական ֆոնդ ունեն ու այդ մարդկանց օգնում են: Իսկապես, սա օգնող հաղորդում է:
-Ի դեպ, «Կյանքի կարուսել» նախագիծը որոշակի փոփոխությամբ, բայց գրեթե նույն դերասանական կազմով վերաթողարկվեց ATV հեռուստաընկերությամբ՝ «Երջանկության արցունքներ» անվամբ: Ինչպե՞ս է, որ Ձեզ այնտեղ էլ չտեսանք:
-Ես մասնակցելու առաջարկ ստացել եմ առաջին իսկ օրից, բայց քանի որ հղիության շրջանում էի, որոշեցի խմբին միանալ փետրվար ամսից: Սակայն, հիմա կարծեք թե փակվել է նախագիծը, ինչի համար ցավում եմ: Թեկուզ և միայն իմ կոլեկտիվի համար պատրաստ էի աշխատել այդ պրոյեկտում:
-Նաիրա, քանի որ մեր զրույցը սկսեցինք տոնական թեմայով, այդպես էլ ավարտենք. ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ այսօր:
-Ինքս ինձ մաղթում եմ այն, ինչ կմաղթեի երկրագնդում ապրող յուրաքանչյուր անհատին: Թող ամեն օր արթնանամ ու լսեմ մարդկանց ձայնը, տեսնեմ հրաշալի լուսաբացը: Ես հավատում ու սպասում եմ հրաշքների: Թող Աստված ինձ բումերանգով ետ բերի այն, ինչ ինքս եմ ցանկանում մյուսներին: Չեմ վախենում մաղթանքիցս, քանի որ հասկացել եմ՝ չափից շատ բարի եմ: