17/03/2016 20:11
Եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնեմ. Ագնեսա Շահնազարյանը՝ ծննդյան երազանքի և ամուսնության մասին
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր դառնում է 36 տարեկան: Թեև օրը նրա համար տոնական է, սակայն դա չի նշանակում, որ գործնական զբաղվածությունը նահանջել է: «Այսօր էլ սովորականի պես ներկայացման եմ և գնալու եմ թատրոն, բեմում եմ լինելու: Բայց ասեմ, որ երեկ զարմիկիս ծննդյան օրն էր, նշում էինք փաբում ու ավանդույթին համապատասխան՝ կեսգիշերից նրա տոնին միացրեցինք նաև իմ ծնունդը ու ինձ էլ շնորհավորեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց օրվա հերոսը:
Այսօրվա հետ կապված պլաններ դերասանուհին չունի, բայց չի էլ բացառում, որ ամեն ինչ կարող է փոխվել: Թեև որպես կանոն՝ այդ օրերին նկարահանման հրապարակում կամ թատրոնում է լինում, սակայն հիշում է մինչ այսօր ունեցած լավագույն ծնունդները:
«Առհասարակ, մեծ ծնունդներ չեմ անում, օրն ինչպես թելադրում է, այնպես էլ անցկացնում եմ: Բայց եթե որոշում եմ տեղը-տեղին նշել, բավական մեծ հավաքույթ եմ կազմակերպում: Թերևս, նման երկու-երեք ծնունդ եմ ունեցել. 20-ամյակիս հավաքվել էինք ընկերներով, կուրսի բոլոր երեխաներով: Նաև 4-5 տարի առաջ եմ նման մեծ տոն ունեցել, բայց նորից չպլանավորված»,-վերհիշեց նա:
Էկրաններից միշտ ժպտերես և կենսախինդ դերասանուհին կյանքում էլ աշխույժ է և անակնկալների սիրահար: Ստանդարտ բաներ չի սիրում, իր կյանքում ամեն ինչ պետք է հանկարծակի լինի, որպեսզի ոգևորվի: Հոբելյարը մի պահ ամփոփելով նախորդ 36 տարիները՝ գիտակցեց՝ քիչ ձեռքբերումներ չունի, բայց պակասը լրացնելու շատ մեծ ցանկություն ունի:
«Ինձ համար ձեռքբերում եմ համարում մարդկանց սերը, քնքշանքը: Թող անհամեստ չհնչի, բայց դժվար է լինել դերասանուհի, ում բոլորը միանշանակ սիրում և ընդունում… Իսկ իմ կյանքի ամենամեծ պակասը, բաղձալի երազանքը, որի առկայության անհրաժեշտությունը զգում եմ, ընտանիքն է, երեխաները, ինչն ինձ մոտ երկրորդ պլան է մղվել և ուշանում է, քանի որ աշխատանքիս եմ տրվել: Շատ եմ ափսոսում դրա համար ու նաև հասկանում եմ, որ տարիները շատ արագ են անցնում: Դա ինձ ցավ է պատճառում»,-անկեղծացավ Ա. Շահնազարյանը:
Ասում են՝ ծննդյան օրերին պահված երազանքներն իրականություն են դառնում և հենց այսօրվանից պետք է մտածել երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ: «Ցավոք, ընտանիքը երազելով ու մտածելով չի առաջանում: Բայց եթե հայտնվի մեկը, ում դեպքում կզգամ, որ ՆԱ է, ապա իմ երջանկությունից չեմ հրաժարվի: Բայց դե ես այս հարցում էլ պլանավորել չեմ սիրում, ամեն մի երկրպագուի մեջ պոտենցիալ ամուսին չեմ նկատում ու փնտրում: Լինելու բանը կլինի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի: Ինքս ինձ այս տարի մաղթում եմ մե՜ծ ՍԵՐ, շատ փող և շատ աշխատանք: Ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, որ չաշխատելուց հիվանդանում են»,-խոստովանեց մեր զրուցակիցը:
Սերը տարբեր տարիքներում տարբեր կերպ է այցելում: Եթե պատանի տարիքում ավելի շատ առաջնորդվում ենք սրտով, ապա հասուն տարիքում բանականությունն է դառնում թիվ մեկ հուշարարը. «Անշուշտ, իմ տարիքում արդեն բանականությունը գլուխ է բարձրացնում ու որոշում կայացնելիս 16 տարեկանի պես չեմ մտածի: Թեև, լինելով չափազանց զգայուն մարդ, վախենում եմ, որ երբ պահը գա, զգացմունքին առավել շատ տեղ կտամ, այն կխանգարի բանականությանը»:
Դերասանուհուն ապագա կողակցի մասնագիտությունն ամենաքիչն է հետաքրքրում, հատկապես, երբ զույգին միավորում է սերն ու հավատարմությունը: «Գիտակցում եմ, որ ընտանիքում երկու նույն մասնագիտության մարդկանց առկայությունը մի փոքր դժվար է, գուցեև՝ անհամատեղելի: Թեև մեր շոու բիզնեսում, մշակույթում ունենք բացառություններ, ովքեր կոտրում են այն կարծրատիպը, թե դերասանները չեն կարող նույն հարկի տակ երկար ապրել. Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության և Ալլա Վարդանյան, Էմմա և Արամո, Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան… Իդեալական, հրաշալի ընտանիքներ… Մի խոսքով՝ չգիտեմ, եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնվե՞մ»,-ծիծաղելով նկատեց նա:
Անդրադառալով այժմյան զբաղվածությանը՝ ընդգծեց, որ իր գործունեությունը սահմանափակվում է մեծամասամբ միայն թատրոնով: «Սերիալից առաջարկ ստացա, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա ընդունել: Չնայած, որքան նկատել եմ, այժմ քիչ սերիաներով ֆիլմեր են նկարահանում, որն առավել լավ է: Նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և շուտով կսկսենք նկարահանումները: Մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն: Ինչպես վերջին տարիներին, պատրաստվում եմ «Արմմոնո» միջազգային փառատոնին մասնակցել մոնոներկայացմամբ, որն այս տարի կկայանա, եթե չեմ սխալվում, մայիսի 3-ին»,-եզրափակեց հոբելյարը:
Aysor.am-ը շնորհավորում է օրվա հերոսուհուն՝ ցանկանալով ամենանվիրական նպատակի ու երազանքի իրականացում: