17/03/2016 14:50
«Արմենիա» ՀԸ գլխավոր պրոդյուսերը մեկնաբանում է Աննա Գրիգորյանի՝ «Դոմինո» սիթքոմից դուրս մնալու հանգամանքը
Երեկ մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը, ում հեռուստադիտողը վերջին ամիսներին հանդիպում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում՝ ֆեյսբուկյան իր էջում գրառում էր կատարել, որով իր երկրպագուներին որոշակիորեն տեղեկացնում է, թե ի՞նչն է սիթքոմի երկրորդ եթերաշրջանից իր՝ հանկարծակի դուրս մնալու պատճառը: «Հարգելի հեռուստադիտողներ և «Դոմինո» սիտքոմի երկրպագուներ, ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ տեղեկացնում եմ, որ ես այլևս նախագծում չեմ: Սիտքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաև քմահաճույքով: Սա խորքային խնդիր է, որին առնչվում են և դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, և հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող և պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել: Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է և պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների և չափազանցությունների»,-գրել էր դերասանուհին:
Aysor.am-ը կապ հաստատեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Ա. Գրիգորյանի՝ սիթքոմից դուրս մնալը, և իր գրառման մեջ նկատվող «իրավունքների ոտնահարման» վերաբերյալ ակնարկը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: «Դա Աննա Գրիգորյանի անձնական էջն է և այդ էջում այս կամ այն գրառում կատարելը իր սեփական որոշումն է: Ես իր փոխարեն ոչինչ չեմ կարող ասել իր իսկ գրառման մասին, ենթադրություններ անել չեմ կարող: Համենայնդեպս, ես այդ գրառման մեջ անուններ չեմ նկատել, որպեսզի մտածեմ, որ հենց մեզ է վերաբերում և պետք է մեկնաբանել… Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նա չկա «Դոմինոյի» նոր եթերաշրջանում, ապա դա էլ մեր ներքին խոհանոցն ու աշխատանքն է, որը մեկնաբանելու անհրաժեշտություն ևս չեմ գտնում: Հեռուստատեսությունը մեծ օրգանիզմ է, որը, ինչպես ցանկացած կառույց, ունի իր ներքին կանոնակարգը, աշխատանքային գրաֆիկը, ինչի մասին մեկնաբանություններ տալու անհրաժեշտություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը:
Ռ. Մխիթարյանը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է բոլորին հետաքրքրում հենց Ա. Գրիգորյանի սիթքոմից դուրս գալը, այնինչ, նույն կարգավիճակում է նաև Լիկա Սալմանյանը: Չզլացանք և նրա հարցին պատասխանեցինք, որ կարգավիճակները տարբեր են. եթե Լ. Սալմանյանի դեպքում ի սկզբանե հստակեցված էր, որ նոր եթերաշրջանում չի լինելու և դերասանուհին էլ վրդովված գրավոր կամ բանավոր հայտարարություններ չէր արել, ապա այս դեպքում պատկերը բոլորովին այլ է. բացի գրավոր հայտարարությունը, աչքի էր ընկնում նաև այն, որ «Դոմինոյի» երկրորդ եթերաշրջանն ազդարարող արդեն իսկ նկարված շապիկից միանգամից անհայտացավ Աննա Գրիգորյանի լուսանկարը…
Ի դեպ, վերջին շրջանում Աննա Գրիգորյանին հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերության ֆիլմերում և սերիալներում՝ «Որոգայթ», «Քարտ բլանշ»… Արդյոք սա կարող է, այսպես ասած, «հեռուստաճամբարի» փոփոխության հետևանք լինել՝ հարցին Ռ. Մխիթարյանը ժպիտով պատասխանեց. «Աննան ազատ մոդել-դերասանուհի է և կարող է երևալ ցանկացած այլ հեռուստաընկերությունում: Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեզ համար: Ձեր նշած «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվել է նաև Սոս Ջանիբեկյանը, ով «Դոմինո» սիթքոմի առանցքային կերպարներից է»:
Կփոխարինվի Աննա Գրիգորյանը նոր դերակատարով, թե ոչ՝ մեր զրուցակիցը չմանրամասնեց: Սակայն «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը վստահեցրեց, որ անակնկալներն առջևում են: «Նոր դերակատարուհի կներգրավվի, թե ոչ՝ գաղտնիք է: Հեռուստադիտողները հետևելով անոնսներին՝ շուտով կիմանան, թե ի՞նչ փոփոխություններ ու նոր անակնկալներ կլինեն Դոմինոյում: Համոզված եմ, որ մենք երկար չենք սպասեցնի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը: