17/03/2016 18:19
Դերասան Սարգիս Հակոբյանը՝ իր մասնակցությամբ վթարի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան 43-ամյա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած մերսեդես մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մերսեդեսը կողաշրջվել է, իսկ դերասանը տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Aysor.am-ը կապ հաստատեց Սարգիսի հետ՝ ճշտելու լուրի իսկությունն ու տեղեկանալու առողջական վիճակի մասին: «Այո, իսկապես նման վթար եղել է, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Ես հիվանդանոցում չեմ այժմ: Համացանցում ամեն ինչ մի քիչ չափազանցված է»,-մանրամասնեց նա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը դերասանն է եղել: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ հարցերը հայկական տարբերակով չեն լուծում, իր և մյուս ավտոմեքենայի վարորդի մեջ վթարից հետո կոնֆլիկտներ չեղան: Ամեն ինչ կընթանա ինչպես որ կարգն է:
«Թե ով է մեղավորը, կարծում եմ, դա պետավտոտեսչության որոշելիքն է: Մեր մեջ ոչ մի խնդիր չի եղել, նրանք հիմա կողքիս են: Ասեմ ավելին, իրենց մեքենան այժմ իմ ավտոտնակի մոտ եմ կայանել, որ երբ ժամանակը գա, տանեմ վերանորոգելու»,-եզրափակեց Սարգիս Հակոբյանը: