18/03/2016 19:55
«Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Լիբանանում
Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը փետրվարի 27-ից մարտի 5-ը չորս համերգով հանդես է եկել Լիբանանում: Համերգային շրջագայությունն անցկացվել է Համազգային մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով` հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
«Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Թովմաս Պողոսյանը Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շրջագայության ծրագիրը եղել է շատ հագեցած:
«Ամեն օր ծրագրված էր մի հանդիպում, համերգ, այցելություններ տարբեր վայրեր: Մեկնելու հաջորդ օրը` փետրվարի 28-ին, Բեյրութի հայտնի «Էմիլ Լահուտ» սրահում տեղի ունեցավ մեր առաջին համերգը: Մինչ համերգը՝ մի քանի օր առաջ բոլոր տոմսերը սպառվել էին, ինչը մեզ համար շատ հաճելի անակնկալ էր»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ համերգի ծրագրում ընդգրկվածեն եղել դասական և մերօրյա աշուղների ստեղծագործությունները, որոնց թվում` սիրային, ինչպես նաև մերօրյա հերոսներին գովերգող և հայրենիքը փառաբանող երգեր:
«Իմ շնորհակալական խոսքում նշեցի, որ մենք երախտագետ ժողովուրդ ենք, և ի նշան երախտագիության` մենք մի ստեղծագործություն էինք պատրաստել դեռ մեկնելուց առաջ: Ես շնորհակալություն հայտնեցի Լիբանանի ազնիվ արաբ ժողովրդին, որը 1915 թվականին գրկաբաց ընդունեց և տեղ տվեց Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած փշրանքներին, որոնց ժառանգները կազմում են Լիբանանի ներկայիս հայ համայնքը: Երգեցինք Լիբանանում շատ սիրված արաբական երգ, որը բացառիկ հաջողությամբ ընդունվեց»,-պատմեց անսամբլի գեղարվեստական ղեկավարը՝ մանրամասնելով նաև, որ համերգից առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին վեհափառ հայրապետի հրավերով մասնակցել են նաև պատարագի:
«Վեհափառ հայրապետը պատարագից հետո ընդունեց մեզ: Մենք փոքրիկ համերգով հանդես եկանք նրա համար: Մեզ համար երգեցին դպրեվանքի սաները, հետո Արամ Առաջինը գնահատանքի, արժևորման խոսք ասաց և մեզ արժանացրեց իր հայրապետական օրհնությանը»,-հավելեց Թովմաս Պողոսյանը:
Փետրվարի 29-ին անսամբլը համերգ է ունեցել նաև Բեյրութի կենտրոնում գտնվող Հակոբ Տեր-Մելքոնյան սրահում: Համերգին ներկա են եղել Բեյրութի հայկական կրթական հաստատությունների սաները: Երիտասարդների բուռն ու ջերմ ընդունելությունը պարզապես աննախադեպ էր, իսկ մարտի 1-ին՝ մեկնել են Այնճար: «Փոքրիկ գյուղաքաղաք է` բնակեցված միայն հայերով: Ես ուղղակի զարմացած եմ: Հայրենիքից հեռու մի փոքրիկ Հայաստան է կարծես` իր պետական, հասարակական, քաղաքական, հոգևոր, կրթական կառույցներով: Երրորդ համերգը տեղի ունեցավ այնտեղ` Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում: 500 տեղանոց դահլիճ էր: Քաղաքապետը փաստեց, որ 150 հոգի դահլիճից դուրս բարձրախոսներով հետևել են համերգի ողջ ընթացքին»,-պատմեց Թովմաս Պողոսյանը:
Մարտի 3-ին երաժիշտներն այցելել են Թռչնոց բույն որբանոցը, և տպավորված են եղել հաստատություն կատարած այցից: Երաժիշտները բարձրացել են նաև Զմմառի Սուրբ Տիրամոր վանք:
Վերջին` չորրորդ համերգը, տեղի է ունեցել մարտի 4-ին՝ Լիբանանի առաջնորդարանին կից «Եռագույն» դահլիճում: «Ունեցա նաև դասախոսություն` Բեյրութի հայկական կրթական հաստատությունների ուսուցիչների, դասախոսների, բարձր դասարանների աշակերտների համար: Այն ուղեկցվեց մի քանի երգերի կատարումներով»,-հավելեց Թովմաս Պողոսյանը:
Հյուրախաղերի կազմակերպման համար անսամբլը շնորհակալ է Համազգային մշակութային միությանը` մասնավորապես` Լիբանանի շրջանային վարչությանը և Հայաստանի գրասենյակին` ի դեմս ղեկավար Լիլիթ Գալստյանի, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ այցելությունն իրականություն դարձավ: Շրջագայությունների կազմակերպման գործում իր ավանդն ունի նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով աջակցել է անսամբլին, ապահովել օդանավի տոմսերով:
«Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի համար տարին հագեցած կլինի բազմաթիվ ծրագրերով: Անսամբլը պատրաստվում է նշել Ջիվանու 170, Հավասու 120-ամյակները: