21/03/2016 17:50
Ներկայացնելու եմ մի քիչ ռոմանտիկ հերոսի, որը ֆիլմի ընթացքում որոշակի փոփոխություններ կկրի. Ալեքսանդր Բաբասյանը վերադառնում է նոր կերպարով
Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ում հեռուստադիտողն առավել շատ ծանոթ է սերիալներից, կրկին վերադառնում է հեռուստաեթեր: Այդ մասին առաջինը Aysor.am-ին տեղեկացրեց հենց դերասանը: «Ներկայացնելու եմ մի քիչ ռոմանտիկ հերոսի, որը ֆիլմի ընթացքում որոշակի փոփոխություններ կկրի… Խորհրդավոր կերպար է, գործակալ, որը մի քանի ընտանիքներ միմյանց է կապելու: Ֆիլմի վերջում կպարզվի կերպարիս իրական տեսակը: Համաձայնեցի, քանի որ հետաքրքիր, խաղարկային կերպար է: Այն ռոմանտիկ երիտասարդից անցում է կատարելու դեպի գործակալի առաքելությանը, որը շատ նուրբ պետք է լինի, այլապես հեռուստադիտողը չի ընդունի»,-նշեց մեր զրուցակիցը:
Դերասանի ընտանիքը՝ կինն ու որդին, բնակվում են Ռուսաստանում: Հարցին, թե սերիալին բնորոշ երկարատևությունը չի՞ խաթարի ընտանեկան անդորրը՝ պատասխանեց. «Այո, մենք հիմա Մոսկվայում ենք բնակվում, բայց այնպես չի, որ ես երկար ժամանակով եմ բացակայելու: Գիտեմ, որ սա լինելու է գեղարվեստական ֆիլմի ֆորմատով նկարահանված 20 մասանոց սերիալ: Կարծում եմ, սա ավելի հետաքրքիր է, ավելի պրոֆեսիոնալ կստացվի, քան այն սերիալները, որոնք 1-2 տարի ձգձգվում են»:
Ա. Բաբասյանը սերիալում կհայտնվի 3-րդ սերիայից: Թեև նկարահանումներն արդեն սկսվել են, բայց նա Հայաստանում կլինի մարտի վերջին՝ սցենարը ստանալուց անմիջապես հետո: Բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը էկրաններին կհայտնվի հավանաբար մայիսի սկզբին: «Գիտեմ, որ շրջանառվում են երկու հեռուստաալիքների անուններ, որոնցից մեկով էլ ցուցադրվելու է: Խոսքս վերաբերում է «Արմենիա» և «ATV» հեռուստաընկերություններին»,-տեղեկացրեց նա:
Ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերը Պողոս Ամիրխանյանն է: Ա. Բաբասյանը ստեղծագործական խմբի մասին դեռևս հստակ տեղեկություններ չունի, միայն գիտի, որ խաղընկերներն են լինելու նաև դերասան Նիկոլայ Եղիազարյանը և Նանե Արզումանյանը:
Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում էկրաններին քիչ է երևում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այժմ նաև երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որը դեռևս քննարկման փուլում է, հավանաբար մոտակա օրերին կհաստատվի: Ասեմ, որ բոլորն էլ գլխավոր կերպարներ են»:
Հավելելով նրա խոսքը՝ նկատեցինք, որ Ալեքսանդր Բաբասյանը միշտ «կինոյի տղու» կարգավիճակում է: Դա դերասանի՞ պահանջն է, թե՞ մասնագիտական ճակատագրի թելադրանքը: «Ես միշտ ասել եմ՝ ինձ առանձնապես չեն հետաքրքրում տրվող գումարներն ու երկրորդական դերերը: Շատերը կարծում են, թե ես «գոռոզացել» եմ ու այդ պատճաով եմ միայն գլխավոր դերերում հանդես գալիս: Բայց ոչ, դա մեծամտության խնդիր չէ, ուղղակի ես նախընտրում եմ միայն գլխավոր դերերում նկարահանվել: Հավատացեք, եթե համաձայնեի երկրորդական կերպարում հանդես գալ, իմ էկրանային բացակայության 2 տարվա ընթացքում արդեն 9-10 սերիալում և ֆիլմում նկարահանված կլինեի: Խոսքս վերաբրում է և՛ արդեն ավարտված սերիալներին, և՛ ներկա պահին եթեր գնացողներին»,-մանրամասնեց Ալեքսանդրը:
Արդյոք հեռավորությունը բարձրացրել է դերասանի «գինը» հարցին՝ պատասխանեց. «Ձեր հարցին այսպես կպատասխանեմ. իմ մասնակցությամբ վերջին՝ «Մամա» սերիալում նկարահանվել եմ բավականին բարձր հոնորարով: Բայց ուզում եմ ընդգծել, որ եթե հիմա նույն անձնակազմով՝ ռեժիսոր, օպերատոր, դիմահարդար, դերասաններ, շարունակվեր այդ ֆիլմը, ես նույնիսկ ցածր հոնորարով կնկարահանվեի: Սա այն ֆիլմերից էր, որին նվիրվել էի ամբողջ հոգով ու սրտով, մաքսիմալ հնարավորություններով: Այնպես չի, որ գումարը բոլորովին կարևոր չի, բայց երբ միջավայրդ ու մարմնավորածդ կերպարը քեզ դուր է գալիս, ապա պատրաստ ես նաև որոշակի զոհողությունների: Ինչ վերաբերում է իմ բարձր կամ ցածր վարձատրությանը, ապա լսել եմ, որ վերջին մեկ-մեկ ու կես տարում Հայաստանում հոնորարները կիսվել են, իսկ ես հիմա էլ վարձատրվում եմ այնպես, ինչպես երկու-երեք տարի առաջ: Դե, եթե նկատի ունենանք, որ բոլորի աշխատավարձները իջել են, իմը՝ ոչ, նշանակում է՝ բարձր եմ վարձատրվում»: