21/03/2016 19:06
Հայերեն է թարգմանվել աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելլերը
Մարտի 24-ին տեղի կունենա «Զանգակի» հրատարակած, ծնունդով աֆղան ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպի շնորհանդեսը:
Համաշխարհային այս բեսթսելլերն արդեն թարգմանվել է 40 լեզվով ու հրատարակման միայն առաջին 5 ամսում վաճառվել 3 մլն օրինակով:
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին:
Արտագաղթ, տեղահան ընտանիքներ, իշխանության հասած պատերազմի հերոսներ, հարազատներին լքող կամ նրանց նվիրվող, անձնական հաջողությունից հրաժարվող մարդիկ: Վեպում շոշափվող բազմաթիվ հարցեր, որոնց անդրադարձել է Խալեդ Հոսեյնին, բնորոշ են նաև մեր հասարակությանը:
«Եվ արձագանքեցին լեռները» վեպը անգլերեն բնագրից թարգմանել է Անուշ Սեդրակյանը: Թարգմանչի խոսքով՝ այս գիրքն ինքնության ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ է.
«Հոսեյնին աֆղան գրող է, ով ստեղծագործում է անգլերենով և այդպիսով շատ նմանվում մեր հայկական շատ գրողների: Մենք էլ ենք ցրված եղել ու մենք էլ ենք հաճախ ստեղծագործել այլ միջավայրերում, այլ լեզուներով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Սեդրակյանը՝ նշելով, որ թարգմանության վրա աշխատելիս առաջին հերթին ինքն իր համար փորձել է հասկանալ՝ ստեղծագործողի վրա ավելի զորեղ ազդում է իր ծննդավա՞յրը, թե՝ միջավայրն ու լեզուն, որտեղ ու որով ստեղծագործում է.
«Եկա այն եզրակացության, որ ավելի զորեղ է գենեզիսը: Հայրենի երկրի մշակույթը դոմինանտ է, իսկ ստեղծագործելու լեզուն այս դեպքում երկրորդող է»,- ասաց թարգմանության հեղինակը:
Անդրադառնալով հայ ընթերցողին, Անուշ Սեդրակյանը նշեց, որ գիրքն անպայման պահանջված կլինի, քանի որ նկարագրված իրողությունները շատ մոտ են մեր ազգի ճակատագրին.
«Սա ասում եմ ոչ թե որպես այդ գրքի թարգմանիչ, այլ որպես գրական էքսպերտ: Բացի քաղաքագետ ու քաղաքական գործիչ լինելուց ես նաև գրականագետ եմ և համալսարանում դասավանդում եմ հենց անգլո-ամերիկյան և ֆրանսիական գրականություն: Վստահ եմ՝ թե′ գրական չափանիշներով, թե′ սյուժեով այս գիրքը ոչ միայն շատ հետաքրքիր կլինի ընթերցողի համար այլ նաև ընթերցողն իր համար կբացահայտի մշակութային նոր իրողություններ, կհասկանա թե հայ ընթերցողն ինչքան մոտ է աֆղանական իրողություններին»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ շարունակելով.
«Միևնույն ժամանակ ընթերցողը կհասկանա՝ այն ազգերը, որոնք արժանացել են գաղթականի ճակատագրին, կիսում են միմյանց ապրումները: Այնպես որ շատ կարևոր է, թե դու ինչպես կարձագանքես այն ամենին, ինչը կատարվում է քո շուրջը և իսկապես՝ լեռները արձագանք են տալիս և′ Աֆղանստանում, և′ Հայաստանում»,- ամփոփեց թարգմանիչը:
Նշենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 24-ին` ժամը 18:00-ին, «Լոֆթ» կենտրոնում (հասցեն` ք. Երևան, Մոսկովյան 3):
Գիրքն այդ օրը հնարավոր կլինի ձեռք բերել 5760 դրամով` 6400 դրամի փոխարեն: