22/03/2016 14:52
Դավիթ Մարդյանը վերադառնում է նոր կերպարով
Երիտասարդ դերասան Դավիթ Մարդյանն, ում հեռուստաիտողը հիշում, սիրում ու ճանաչում է Արմենիա հեռուստաընկերության մի շարք սերիալներից, շուտով կրկին կվերադառնա հեռուստաեթեր: ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում վերջինս մարմնավորելու է Նոյին: «Ես բավական ժամանակ Հայաստանում չէի գտնվում, ու գիտեմ, որ գործընկերներս, ընկերներս ինձ են փնտրել սերիալում ներգրավելու համար: Մարտի կեսերին եկա Հայաստան ու անմիջապես ստացա առաջարկը: Ասեմ, որ առաջարկը ստանալուն պես հետևել եմ սերիալին, գտնում եմ, որ հետաքրքիր ու որակով աշխատանք է կատարվել»,-այդ մասին առաջինը Aysor.am-ին տեղեկացրեց դերասանը:
Դ. Մարդյանը դրական հերոսի է մարմնավորելու. հայ զինվոր, ում մեջ խտացված են հայրենասիրությունը, ընկերասիրությունը, պատվասիրությունն ու հարգանքը մեծի, ծնողի նկատմամբ: Նոյը Աբելի մանկության ընկերն է:
Դերասանը նկարահանման հրապարակում իր առօրյան սկսել է դեռ երեկվանից, էկրաններին նրան կհանդիպենք, հավանաբար, հաջորդ շաբաթվանից: Թե ինչո՞ւ սերիալներում պահանջարկ ունեցող դերասանին չենք հանդիպում նաև գեղարվեստական ֆիլմերում՝ խոստովանեց. «Իմ ցանկանալը քիչ է, պետք է նկատեն, կանչեն»:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա՝ Հայաստանից բացակայությունը՝ պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնությունում ոսկերչություն էի սովորում: Քանի որ մեր ավագ դերասաններն ասում են՝ «դերասանությունը փեշակ չի», ես էլ որոշեցի նաև «փեշակ» ունենալ: Ասեմ, որ բավականին լավ ստացվեց ինձ մոտ: Հավանաբար պատճառն այն է, որ գեներումս կա՝ պապիս, նրա պապիկը ոսկերիչներ են եղել»:
Դերասանը չհերքեց, որ հնարավորության դեպքում պատրաստ է համատեղել արհեստն ու արվեստը: Բայց ամեն ինչ ժամանակը կորոշի:
Ի դեպ, Դավիթ Մարդյանը 2015 թվականի ամռանը ընտանիք է կազմել: Հետաքրքրվածությանը, թե արդյոք ընտանիքում արդեն իսկ սպասվում է համալրում՝ ժպիտով պատասխանեց. «Դեռևս ոչ»: