26/03/2016 12:59
Հենրիխ Մխիթարյան. Հույս ունենանք՝ հավաքականն ավելի ուժեղ կդառնա
Հայաստան-Բելռաուս ընկերական հանդիպումից (0:0) հետո մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղի, նորեկների վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց:
«Կարծում եմ՝ լավ խաղացինq: Ճիշտ է, չկարողացանք գոլ խփել, բայց նախորդ խաղերի հետ համեմատ լավ էինք գործում, ավելի շատ պահեր ստեղծեցինք: Առաջին հանդիպման համար վատ չէր:
Դավիթ Մանոյանը բացակայությունից հետո և Գոռ Մալաքյանը լավ հանդես եկան: Փոխարինման մտած ֆուտբոլիստները նույնպես լավ գործեցին: Նրանց ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Հույս ունենանք՝ հավաքականն ավելի ուժեղ կդառնա»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մխիթարյանը:
Խոսելով Արսեն Բեգլարյանի՝ ազգային ընտրանու դարպասը պաշտպանելու մասին, Մխիթարյանն ասաց հետևյալը. «Եթե նա ազգային հավաքականում է հանդես գալիս, ուրեմն պատրաստ է: Գուցե լարվածություն էր զգում, քանի որ մեկնարկային հանդիպումն էր, բայց լավ հանդես եկավ, մի քանի դրվագում թիմին փրկեց: Հույս ունենք՝ մյուս հանդիպումների ժամանակ ավելի լավ կգործի»:
Հենրիխ Մխիթարյանը նաև նշեց, որ մարզիչը գոհ է մնացել թիմի խաղից.
«Խաղից հետո մարզիչը գոհունակություն հայտնեց: Ասաց, որ գրեթե ամբողջությամբ կատարել ենք այն ամենը, ինչ նա առաջադրել էր: Միայն գոլն էր պակասում»:
Մխիթարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությունները.
«Մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է: Եթե մարզիչը չի ցանկանում հրավիրել որևէ ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել, ասել, որ պետք հրավիրվի: Մեզանից ինչ պահանջվում է, խաղադաշտում կատարում ենք»,-եզրափակեց Մխիթարյանը: