05/04/2016 20:36
Հայկական կողմը տվել է 29 զոհ, 101 վիրավոր. Թշնամու կորուստներն անհամար են, կան փաստեր
Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն են՝ 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 БМП, 12 անօդաչու սարք և մեկ «ГРАД» կայանք: Այս մասին Ստեփանակերտում ընթացող ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Առուստամյանը: ԼՂՀ Պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ:
Հայկական կողմը տվել է 29 զոհ՝ 7 սպա և ենթասպա, 22 շարքային, պայմանագրային ծառայողներ, նաև 101 վիրավոր՝ 20-ը սպա ու ենթասպա:
Ինչ վերաբերում է թշնամու կորուստներին, ապա գնդապետը որպես փաստ, որ դրանք անհամար են, ներկայացրեց հեռախոսային զրույցի ձայնագրություն, որում ադրբեջաներեն նշվում է, որ պետք չէ հավատալ տեղական ԶԼՄ-ներին, քանի որ «այստեղ դիակները ինչպես փայտանյութ լինեն՝ ասում են 1, բայց հազարն են, բոլոր շրջանային հիվանդանոցները՝ Գյանջայում, Եվլախում, Նաֆթալանում լցված են, տեղ չկա: 2000 զինվոր մի գիշերվա մեջ կոտորել են, դրա մասին չեն ասում TV-ով... Թալիշում են թակարդ վերցրել, բոլորին կոտորել»:
Հեռախոսակապով տեղեկություններ հաղորդող կինը նաև նշում է, որ ոմն Աքաշի մեքենայից միայն ինքն է մնացել ողջ, մնացած 12-ին կոտորել են, Աքաշին էլ տեղափոխել են ուղղաթիռով հիվանդանոց, բայց նեղսրտում է, որ այդ մասին, իհարկե, ոչինչ չի ասվի: