06/04/2016 21:00
Մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը. Հրանտ Թոխատյան
Վերջին մի քանի օրերին հաճախ ենք լսում՝ գնանք ու ոգևորենք հայ զինվորին, հայորդուն: Բայց արի ու տես, որ այսօր ճակատում կանգնածն առավել է ոգևորում թիկունքում գտնվողին: Երբ Aysor.am-ը Հրանտ Թոխատյանին առաջարկեց իր խոսքով քաջալերել սահմանը պահող 18-20-ամյա երիտասարդին, ՀՀ ժողովրդական արտիստը տարակուսեց. «Այդ ես եմ ոգևորված ու քաջալերված իրենց ոգևորությամբ: Պատկերացնո՞ւմ եք, մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը՝ ասելով` չի լինի, այն ոգին չկա…Բայց տեսեք, թե այսօր ինչ է կատարվում, տատիկ-պապիկներն իրենց թոռների ձեռքները բռնում և առաջին գիծ են գնում: Ամենակարևորն այն է, որ Աստված էրեխեքի կողքին, գլխներին լինի: Անփորձանք լինեն: Բոլորս էլ հասկանում ենք, պատերազմ է, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց թող մեր տղաներին վատ բան չլինի: Այսօր ավելի շատ պետք է ինչ-որ բան անել, գործնական մի բան, և ոչ թե խոսքով ոգևորել: Սառը գլխով չի լինում մտածել, որովհետև ամեն վայրկյան ուշքդ և միտքդ այնտեղ է»:
Հայի ամենալավ հատկանիշը, կարծում եմ, հենց համախմբվածությունն է. թեկուզև այն ի հայտ է գալիս ուշ, բայց ամենակարևոր ու ճակատագրական պահերին: «Միանշանակ, համաձայն եմ, որ այսպիսի համախմբվածություն դեռ չի եղել: Միշտ գտնվում էին այս ու այն թևից մարդիկ, որոնք բողոքում ու մասնատում էի համախմբվածությունը: Բայց արտաքին վտանգի առկայության դեպքում բոլորը մեկ բռունցք դարձան ու դա գովելի, խրախուսելի է: Ի վերջո, հօգուտ մեզ է»,-նշեց Հ. Թոխատյանը:
Երեկ հայտարարվեց, որ կրկին հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ու Լեռնային Ղարաբաղում երկինքը նորից խաղաղ կլինի: «Տա Աստված, որ այս խաղաղությունն իրական լինի, այս օրերն անցնեն: Ու եթե կարողանանք այս համախմբվածությունը պահել ու դրանով առաջնորդվել, ապա զարգանալու, առաջ գնալու հնարավորություն կունենանք՝ որպես պետություն: Իսկ եթե հանկարծ կորցնենք այս միասնականությունը, իրար ուտենք՝ լավ չի լինի: Մեծ արյան գնի միջոցով է այն ձեռք բերվել ու պարտավոր ենք հետևել այդ արյան կանչին»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Իսկ թե հային ի՞նչն է խանգարում խաղաղ պայմաններում ևս համախմբված ու թև-թիկունքի լինել՝ ժողովրդական արտիստը պատասխանեց. «25 տարի ի՞նչն էր խանգարում: Հասկանո՞ւմ եք, պարադոքսը նրա մեջ է, որ պետք է պարտադիր պատերազմ ու կռիվ լինի, որ մենք բռունցք դառնանք: Այս բռունցքը կարող էինք ունենալ և նախկինում՝ ապրիլի 1-ից առաջ, բայց… Բայց ամենակարևորն այն է, որ արյան գնի շնորհիվ ձեռք բերված այս միասնությունը կարողանանք պահել: Դրա համար պետք է ամեն ինչ անել, շատ բան էլ ձեզանից՝ լրագրողներից է կախված: Փորձեք այնպես անել, որ ամեն ինչ խաղաղ լինի»: