07/04/2016 17:10
Հայ հայտնիների ապրիլ 7-յան ուղերձը` հերոս մայրերին
Պատահական չէ, որ ապրիլի 7-ը՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնը, Հայաստանում հռչակվեց նաև մայրության տոն: Բոլոր զավակները հատկապես այս օրը գրկում են մորը, շնորհավորում ու շնորհակալություն հայտնում, որ իրենք կան, ապրում են… Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, հերոս մոր զավակն էլ հերոս է լինում: Վերջին օրերը հատկապես ընդգծեցին, որ հայը հերոս մոր պակաս չունի, թիկունքում մայրն է հերոսանում, ճակատում՝ զավակը…
Aysor.am-ի միջոցով հայ արվեստագետները ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ գլխավորությամբ շնորհավորել են բոլոր մայրերին:
Սոս Ջանիբեկյան. Դերասան
Մեր զինվորների մայրերի գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերին: Շատ դժվար մի քանի օր ունեցանք, զինվորների հերոս մայրերին ցանկանում եմ, որ պինդ, ամուր լինեն, կյանքի հանդեպ լավատեսությունը չկորցնեն:
Ամբողջ հոգով վշտակցում եմ այն մայրերին, ովքեր կորուստներ են ունեցել. Խնդրում եմ, Ձեր մեջ ուժ գտեք և շարունակեք կյանքը:
Հրաչյա Հարությունյան. ՀՀ վաստակավոր արտիստ
Շնորհավորում եմ բոլոր մայրերին, հատկապես մեր զինվորների ծնողներին: Երջանիկ եղեք ու թող Ձեր աչքերը արցունքոտ չլինեն, դուք հերոս տղաների մայրեր եք, հիշե՛ք:
Ռաֆայել Քոթանջյան. ՀՀ ժողովրդական արտիստ
Ես յուրաքանչյուր առիթ օգտագործում եմ, որ կարողանամ լինել մեր բանակի, զինվորի կողքին: Հնարավորությանս սահմանում փորձում եմ ամենագեղեցիկ բանն անել, գոնե մի քանի օրով երեխաներին բերել, որպեսզի տեսակցեն իրենց ծնողների հետ, նրանց կողքին լինեն: Ցանկությունս է, որ զինվորներն իրենց ծնողներին, մայրերին տեսնելու հնարավորություն անընդհատ ունենան: Ոչ մի վթար, արհավիրք, պատերազմ իրենց չխանգարի այս հարցում:
Լևոն Շարաֆյան. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Սիրելի մայրեր, կանայք, նաև՝ աղջիկներ, այսօր Ձեր օրն է: Շնորհավորում եմ Ձեզ մայրության տոնի կապակցությամբ: Շնորհակալ եմ, որ դուք ծնել եք այդպիսի դյուցազն զավակներ, հերոս ամուսիններ, քաջ եղբայրներ: Համբերություն եմ Ձեզ ցանկանում: Հայ կինը միշտ էլ ուժեղ է եղել, այսօր էլ հավաքեք Ձեր ուժերը, դարձրեք մի բռունցք, և թող թշնամին երբեք չտեսնի Ձեր արցունքները: Ձեզ ցանկանում եմ առողջություն և մայրական համբերություն:
Արտաշես Ալեքսանյան. Դերասան
Մեր զինվորների մայրերին մաղթում եմ, որ իրենց աչքերը միշտ չոր լինեն: Զինվորները առողջ ու անփորձանք լինեն, իրենց գլխավերևում երկինքը թող միշտ կապույտ լինի: Մեր երկիրը թող խաղաղ լինի, որպեսզի հայ մայրերը կարողանան անարցունք ապրել, մեր ազգը շատացնեն՝ ծնելով զինվորներ ու ապագա մայրեր, որոնք էլ իրենց հերթին լույս աշխարհ կբերեն առյուծասիրտ պաշտպաններ, մեր ազգի, հողի ու ջրի պահապաններ:
Այսօր ցանկանում եմ շնորհավորել նաև այն կանանց ու աղջիկներին, ովքեր գտնվում են մարտի դաշտում: Ձեզ ցանկանում եմ առողջություն, խաղաղ ու անփորձանք լինեք, հաղթանակած ու հպարտ: Մեր ուժը մեր հաղթանակն է, մենք պետք է միշտ հաղթանակներ տոնենք: Բայց դրա հետ մեկտեղ՝ մեր մայրերը պետք է ուրախանան, և ոչ թե լացեն:
Արամ MP 3. Երգիչ-դերասան
Ուզում եմ բոլոր մայրերին ասել համբերություն: Ձեր լույս աշխարհ բերած տղաները Սուրբ գործ են անում՝ ապացուցելով և ընդգծելով Ձեր իսկ որակական տվյալները, սիրելի մայրեր: Դուք ճիշտ եք դաստիարակել Ձեր որդիներին: Հպարտ եղեք ու վստահեք մեր զինվորին: Թող ոչ մի մայր չտեսնի իր զավակի կորուստը: Սիրում ենք Ձեզ ու պատրաստ ենք հանուն Ձեզ և հանուն մեր հայրենիքի անել առավելագույնը: Բոլոր հայորդիներն այդպես են դաստիարակվել, դա գեն է, որը ժառանգաբար փոխանցվում է:
Թող խաղաղ երկինք լինի ու մեր մայրերի աչքերից թափվող արցունքները միայն երջանկության համար լինեն:
Աշոտ Տեր-Մաթևոսյան. Դերասան
Առաջին հերթին ուզում եմ սիրով շնորհավորել մեր զինվորների մայրերին, ցանկանում եմ համբերություն: Միշտ հիշեք, որ պետք է հպարտանաք Ձեր լույս աշխարհ բերած արծիվներով: Ուզում եմ Ձեզ միշտ չոր աչքերով տեսնել, քանի որ այդ աչքերը մեր տղաներին էլ ավելի կոգևորեն, «դուխ» կտան: Պինդ եղեք, ամեն ինչ լավ է լինելու: