07/04/2016 20:04
Իվետա Մուկուչյանն իր նշան բողոքի չեղյալ է հայտարարում իր համերգը Ամստերդամում
Հայաստանը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել առաջիկա ելույթը Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին երգչուհին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության և անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր և խաղաղություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը չեղյալ էր հայտարարել նաև իր եվրատեսիլյան ասուլիսը և հարցազրույցները Մոսկվայում, սակայն ելույթ էր ունեցել այնտեղ՝ կատարումը նվիրելով թշնամու գնդակից զոհված Վաղինակ Գրիգորյանին: