11/04/2016 19:41
Ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, այստեղ քաղաքացիական հոգեհանգիստ կլինի. Ալեն Սիմոնյանը՝ Սուրեն Թադևոսյանի մասին
Նախորդ տարի ամռան սկզբին ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին ծայրահեղ ծանր վիճակում Հայաստանից տեղափոխեցին Իսպանիայի Վալենսիա քաղաք: Կարծես, թե բուժման ընթացքը դրական միտում ուներ, նույնիսկ տարեվերջին Aysor.am-ին տված հարցազրույցում Ս. Թադևոսյանը լավատեսորեն էր տրամադրված, խոսում էր ոչ միայն բուժան ընթացքի, այլև ապագա ծրագրերի մասին:
Ավաղ, ճակատագիրն անկանխատեսելի է… Այսօր առավոտյան համացանցը հեղեղվեց ռեժիսորի մահվան բոթով, պակասեց երևանյան ևս մեկ գույն: «Ես և կինս շաբաթը մի քանի անգամ իր կնոջ հետ կապի մեջ էինք լինում, գրում էինք, հետաքրքրվում: Նաև Սուրենի եղբոր հետ էի հաճախ կապ պահում: Տեղեկացված էի իր առողջական վիճակի մասին: Միայն վերջին 7 օրերին էր, որ իր մասին լուր չունեի, քանի որ Արցախյան դեպքերով էի տարված: Այսօր իմացա, որ վերջին երկու օրերին չի կարողացել սնունդ ընդունել և երեկ երեկոյան Վալենսիայի հիվանդանոցում մահացել է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ս. Թադևոսյանի մոտ ընկեր, հասարկական-քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանը:
Ընկերոջ խոսքերով՝ Սուրենը հունվարի 14-ին ինսուլտ էր տարել, ինչի արդյունքում մարմնի մեծ մասն անշրաժացել էր, խոսելու ունակությունը՝ նվազել: Նրան տեղափոխել էին վերականգնողական կենտրոն ու փորձում էին համապատասխան աջակցություն ցույց տալ: Թե ո՞րն է մահվան հիմնական պատճառը՝ դժվար է ասել: «Նա բարձր շաքար ուներ, երիկամների անբավարար աշխատանք, այդ ամենի հետ մեկտեղ՝ ինսուլտը գումարվեց: Սրանցից յուրաքանչյուրն էլ կարող էր մահվան հանգեցնել, լուրջ խնդիրներ են: Միգուցե նա դեպի լավը գնար, եթե ինսուլտը չխփեր: Այն շատ ճանապարհներ փակեց, կարող է՝ և որոշիչ դարձավ, չգիտեմ»,-ասաց մեր զրուցակիցը:
Ա. Սիմոնյանից տեղեկացանք, որ Իսպանիա տեղափոխելուց հետո Սուրենի մեկ ոտքն անդամահատել էին, որպեսզի բորբոքային պրոցեսը կանգնեցնեին, օրգանիզմը չթունավորվեր: Սական նա լավատեսորեն էր տրամադրված ու ապրելու հույսը չէր կորցնում: «Ինձ մաղթում էր, որ այս տարվա ընթացքում երկրում կարողանանք փոփոխություններ անել, ֆիլմ էր ուզում նկարահանել: Ես էլ իրեն առաջարկել էի, որ ապաքինվելուց ու վերադառնալուց հետո միասին նոր նախագիծ պատրաստենք… Թեև մեծ հաշվով պատրաստ էի, գիտեի, որ դեպի դա է գնում, բայց ինձ համար սա մեծ ցավ է, քանի որ նա իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է եղել: Ես 16 տարեկանից իրեն գիտեմ, արդեն 20 տարի է՝ ճանաչում եմ, ընկերություն ենք անում»,- վերհիշեց քաղաքական գործիչը:
Այս ամբողջ ընթացքում Ս. Թադևոսյանին խնամել, նրա մասին հոգ է տարել երկրորդ կինը՝ Աննա Թադևոսյանը, ում հետ ամուսնությունը չհասցրեցին պաշտոնապես գրանցել: «Աննան միայն մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում՝ ապրիլի 6-ին է վերադարձել, այս ամբողջ ընթացքում այնտեղ է եղել: Որպես Սուրենի ընկեր՝ միայն ու միայն շնորհակալ եմ Աննային նման պահվածքի համար: Նույնիսկ նրա օրինական կինը չլինելով՝ օր ու գիշեր իր ընտրած տղամարդու կողքին է եղել, հիվանդանոցում է ապրել, որպեսզի Սուրենի կողքին լինի, նրան խնամի: Շատ մեծ հարգանք եմ տածում իր նկատմամբ»,-ընդգծեց նա:
Սուրեն Թադևոսյանին կհուղարկավորեն Իսպանիայո՞ւմ, թե՞ նրա մարմինը կամփոփվի հայրենիքում՝ դեռ պարզ չէ: «Եղբոր հետ եմ խոսել, նա Մոսկվայում է բնակվում և այժմ մեկնում էր Իսպանիա: Ասաց, որ բարեկամներով դեռևս քննարկում են՝ հուղարկավորությունը Հայաստանո՞ւմ անել, թե՞ Իսպանիայում: Ի վերջո, Սուրենի զավակները Իսպանիայում են բնակվում: Հնարավոր է նաև, որ Իսպանիայում դիակիզեն, աճյունը շաբաթվա վերջ Հայաստան տեղափոխեն… Ի վերջո, դա հարազատների որոշելիքն է, և մենք՝ ընկերներով, միանում ենք ցանկացած որոշման»,-Aysor.am-ին վստահեցրեց զրուցակիցը:
Սուրեն Թադևոսյանը երկու դուստր ու մեկ որդի ունի. «Ավագ երեխան աղջիկ է, հետո էլ զույգ երեխաներ ունեցավ՝ տղա և աղջիկ: Որդու՝ Հրաչի համար ուշքը գնում էր, իր հայրիկի անունն էր դրել»:
Նրա հայաստանան ընկերները դեռևս չեն քննարկել իրենց անելիքը. եթե հուղարկավորությունը Իպանիայում լինի՝ կմեկնե՞ն նրանք այնտեղ, թե՞… «Դեռ չենք քննարկել, բայց ես ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, այստեղ քաղաքացիական հոգեհանգիստ կլինի»,-խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Aysor.am-ը ցավակցում և համբերություն է մաղթում սիրված և ճանաչված ռեժիսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, զավակներին, և, իհարկե, նրա գործը գնահատողներին: