11/04/2016 18:49
Նենգ թշնամին շան պես կլիզի իրեն հասցրած վերքերը և մի քիչ շունչ առնելուց հետո նորից կանցնի հերթական հարձակման. Լևոն Շարաֆյան
10 օր առաջ հակառակորդի կողմից անդորրը խախտվեց ոչ միայն Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այլև ամբողջ հայության հոգում: Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում… ամենուր հայերը համախմբվեցին ու մեկ բռունցք ձևավորեցին՝ թշնամուն հասկացնելով, որ 10 միլիոնի դեմ կռիվ տալը հեշտ գործ չի, զավթելու փոխարեն կարող են կորցնել:
Սփյուռքում բնակվող ամեն մի հայ ուշ-ուշով հետևում է զարգացող իրադարձություններին՝ ամեն պահ պատրաստ՝ միանալ հայրենակիցներին: «Մենք հեռվից շատ ավելի սուր ենք ընդունում այն ամենն, ինչ կատարվում է Ղարաբաղում: Անշուշտ, մեզ համար թշնամու կողմից անսպասելի չէր նմանատիպ նենգ սադրանքը, կռահում էինք, որ սահմանի վրա ամենօրյա բախումներն ի վերջո հանգեցնելու են լայնամասշտաբ գործողությունների: Բայց փառք և պատիվ մեր զինորներին և հրամատարական կազմին, որ առանց խուճապի կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն: Եվ որ ամենակարևորն է՝ հակահարվածից հետո անցնել հակահարձակման՝ դրանով և՛ ձախողելով նենգ թշնամու նպատակները, և՛ խուճապի մատնելով հակառակորդին հենց ներսից»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում բնակվող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը:
Կողմնակի՝ երրորդ «աչքը» հաճախ առավել օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, տարբերում մեղավորին ու անմեղին, պաշտպանվողին ու հարձակվողին, հերոսին ու ոճրագործին: «Մենք այստեղ նաև ամերիկյան լրատվամիջոցներին ենք հետևում: Ցուցադրում էին, թե ինչ է կատարվում Ադերբեջանի բանակում, նրանց հարազատների հետ: Իսկ ո՞վ էր դրանում մեղավոր՝ մե՞նք: Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել… Գիտեք, հայ զինորը գիտի՝ ինչի համար է կռվում, պայքարում, ու եթե պետք է՝ հերոսաբար զոհվում: Ես մեկ անգամ ևս հպարտություն զգացի, երբ այստեղ օտար ազգերը, որոնց հետ շփվում եմ աշխատանքի բերումով, սկսեցին դատապարտել Ադերբեջանի ստոր ու նենգ գործողությունները Ղարաբաղի սահմանի վրա: Երբ նրանք իմացան, որ հայ զինվորը, պայթեցնելով մեկ տանկ՝ անհավասար մարտի մեջ է մտել տասը ազերների դեմ և իր վերջին նռնակով պայթեցրել է իրեն՝ գերի չընկնելով և հետը տանելով ևս մի քանի թշնամու, ուղղակի ապշել էին: Այդ օտար տղամարդիկ մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ հայ հերոսի հիշատակը, իսկ ներկա գտնող կանայք լուռ արտասվում էին: Ես այդ ժամանակ բացի ցավից նաև հապարտ էի, որ ունենք այդպիսի երիտասարդություն: Հավատացեք, երբ տարիքն առած զինվորն է գիտակցաբար գնում մահվան, դա կարելի է հասկանալ: Բայց երբ 18-19 տարեկան տղան՝ ապա դա հերոսական քայլ է: Չէ՞ որ դեռ երեկ սրճարանում սուրճ էր խմում և գայթագղիչ հայացքներ գցում անցնող սիրունիկ աղջիկների վրա, անհոգ բարձր ծիծաղում էր: Ու այդ նույն պատանին, երիտասարդն այսօր, երբ հայրենիքն իր կարիքն ունի, կյանքն է տալիս և հերոսաբար զոհվում: Ես խոնարվում եմ այդ երիտասարդների թարմ շիրիմի առաջ: Միթե՞ դա կարելի է մոռանալ»,-հուզմունքով ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերջին օրերին իրավիճակը համեմատաբար խաղաղ է, թշնամին կարծես վերագնահատել է ուժերն ու գիտակցել, որ անհավասար պայքարում պարտությունն անխուսափելի է: «Այն, որ հիմա զինադադար է՝ ոչինչ չի նշանակում: Համոզված եմ, նենգ թշնամին շան պես կլիզի իրեն հասցրած վերքերը և մի քիչ շունչ առնելուց հետո նորից կանցնի հերթական հարձակման: Որքա՞ն մենք կարող ենք մնալ խնդրողի կարգավիճակում՝ լինելով հաղթանակ տարած պետություն: Ո՞նց կարելի էր առանց նախապայմանի համաձայնվել զինադադարին, չէ՞ որ մենք չենք սկսել: Չեմ հասկանում, ինչո՞ւ այդպես հեշտ համաձայնվեցինք… Թեև պարզ է, մեծ պետությունները ստիպեցին մեզ ևս մեկ անգամ գնալ կոմպրոմիսի: Բայց ախր մինչև ե՞րբ, այդպես կարող է շարունակվել տասնյակ տարիներ: Ոչ մի խաղաղ բանակցություն չի կարող ստիպել Ադերբեջանին՝ ընդունել Ղարաբաղի անկախությունը: Վստահ եմ, դրանց սադրանքները շարունակվելու են»,-հպարտությամբ, բայց փոքր-ինչ սրտնեղած Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լևոն Շարաֆյանը: