11/04/2016 11:55
Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում. Կարեն Մկրտչյանը Արցախում է
Այս օրերին Լեռնային Ղարաբաղը մարդաշատ է, այնտեղ է ոչ միայն արցախցին, այլև երևանցին, գյումրեցին, դիլիջանցին, իջևանցին, վանաձորցին, և ոչ միայն… Ծնունդով Երևանցի դերասան Կարեն Մկրտչյանն արդեն մի քանի օր է՝ միայնակ մեկնել է Արցախ՝ հայ զինվորի կողքին լինելու և օգնելու պատրաստակամությամբ: «Եկել եմ այն նպատակով, որ մոտ լինեմ տղաներին և հնարավորությանս սահմանում օգնեմ այն ամենով, ինչով կարող եմ: Այստեղ մարտական շատ ընկերներ ունեմ ու իրենց կողքին եմ գտնվում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Ընտանիքի անդամները՝ կինն ու երեք որդիները, նրա որոշմանը դեմ չկանգնեցին: Գիտեին, եթե որոշել է՝ գնալու է: «Նրանք գիտեն, որ ինձ համար հայրենիքից թանկ բան չկա: Նրանց համար իմ որոշումն անսպասելի չէր, նորմալ են ընդունել: Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում»,-ընդգծեց նա:
1993 թվականին ազատամարտիկ Կ. Մկրտչյանը Մարտակերտում վիրավորվել ու հաշմանդամություն է ձեռք բերել, ու հենց այդ պատճառով է, որ հրամանատարն այսօր նրան առաջնագիծ չի թողնում: «Արցախյան շարժման տարիներից մինչ այսօր իմ հրամանատարը Իլյիչ Բաղրյանն է, այսօր էլ իր կողքին եմ գտնվում՝ Մարտակերտում: Ինձ թույլ չի տալիս դիրքերում լինեմ, բայց փորձում եմ հնարավորինս օգտակար լինել»,-նեղսրտեց դերասանը:
Այսօր Արցախ են գնում բոլորը. մեկը գաղտնի, մյուսն այդ մասին բարձրաձայնելով, երրորդն էլ գուցե փիարի՞ խնդիր ունի, ի՞նչ իմանաս: «Այս օրերի ընթացքում իմ տեսած բոլոր ահել ու ջահել զինվորները հպարտ են, որ իրենց հողն ու ջուրը պահում են: Մարդիկ էլ կան, որ նեղվում են այն հանգամանքից, որ իրենց չեն թողնում դիրքեր բարձրանալ: Տղամարդ լինելը հենց դա է… Ինչ վերաբերում է շոու անելու նպատակով Արցախ մեկնողներին, ապա ես փորձում եմ նման բաները չնկատել: Ըստ իս, այս պահին գեղեցիկը, լավը նկատելն ավելի ճիշտ է: Նայեք շուրջբոլորը, հազարավոր մարդիկ այստեղ են եկել ու պատրաստ են իրենց կյանքը տալ, չխնայել: Հազարավորներն էլ պատրաստ սպասում են ազդանշանի, որ անմիջապես միանան մյուսներին: Ես հենց այդ գեղեցիկով եմ հիանում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք, թե ինպիսի՞ն է ներկա պահին իրավիճակը սահմանում, ի՞նչ տրամադրություն և տրամադրվածություն ունի առաջնագծում գտնվող հայ զինվորը: «Ես կողմ եմ միայն պաշտոնական լուրերի հրապարակմանը, ամենաճիշտ գնահատականը մասնագետներն են տալիս: Իսկ տղաների տրամադրությունը հիանալի է, ոգևորված են, ամուր ու նպատակասլաց»:
Հարցին, թե արդյոք հասցրել է արդեն մտերմանալ, ընկերանալ սահմանին գտնվող 18-20 տարեկան հայորդիների հետ, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց. «Չես հասցնում շփվել, իրենք իրենց կարևոր գործերով են զբաղված: Միայն կարողանում ենք հիանալ նրանցով: Մեռնեմ մեր զինվորներին, մեր զինվորների պես տղերք կա՞ն: Բոլորն արիաբար անում են այն, ինչ պետք է»:
Արցախում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նկատում է՝ կարող է օգտակար լինել: Ի դեպ, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը արցախյան շարժման մասին ֆիլմ է նկարահանել, որն արդեն մոնտաժային աշխատանքների փուլում է: «Հայրենասիրական ֆիլմ է, որը մոտ երկու տարի առաջ եմ նկարահանել: Կոչվում է «Հողս գրկեմ է՜, գրկեմ», շուտով այն ամբողջական տեսք կունենա, մոնտաժային աշխատանքներն ավարտին են մոտենում: Ցանկություն ունեի, որ մայիսյան տոներին էկրան բարձրանար, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կորոշեմ: Այս պատերազմը տրամադրություն չի թողել: Նմանատիպ ֆիլմերի կարիք ազգս միշտ ունենալու է: Հերիք է ծիծաղենք ֆիլմ դիտելուց, ծիծաղելուց բացի պետք է մեկ-մեկ էլ փշաքաղվենք»,-նկատեց նա:
Դերասանի հետ պայմանավորվեցինք՝ ծավալուն զրույց ունենալ Երևան վերադառնալուց հետո: «Կարծում եմ, հուսով եմ, որ այդ ժամանակ խաղաղության և ձեռքբերումների մասին պետք է խոսենք»,-Aysor.am-ի հետ զրույցը լավատեսորեն եզրափակեց Կարեն Մկրտչյանը:
Հ.Գ. Ի դեպ, անգամ սահմանին Կարենի ստեղծագործ հոգին չի լռել: Երկու օր առաջ՝ գիշեր՝ Մարտակերտում «լույս աշխարհ» է եկել նրա օրվա հրամայականին բնորոշ բանաստեղծությունը…
Բարին՝ երկրիս
Բարին՝ երկրիս, շունչս՝ հայիս,
Ձեռքս զենքիս, սիրտս՝ տուն,
Օդիս ձայնը յարխուշտա է,
աչքս չունի հանգիստ քուն:
Գենս կռվից ջղաձգված՝
Մոռանում է ամեն գույն,
Հոգիս պիտի հպարտ ցնծա,
Թե դուրս գա մարտի դաշտում:
Ոտքս գետնին ինչքան հենվի՝
Միտքս կգա Արցախ՝ տուն,
Պարտքս է որդուս հայրենիք տալ,
Ես դառնում եմ հողիս գույն: