12/04/2016 11:38
Ռոգոզինին դուր չի եկել Հայաստանի արձագանքը
«Ռուսաստանի համար Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է, որի հետ ունենք ռազմա-տեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ, բայց մեր ստրատեգիական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով, նաև՝ մեծ է ադրբեջանական համայնքը ՌԴ-ում: Եվ նրանք մեզ վճարում են ռուսական զենքի դիմաց»: Այս մասին «Эхо Москвы» ուղիղ եթերում ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ավելացնելով, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ.
«Իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել այնտեղ ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին»,- նեղսրտել է Ռոգոզինը:
Դիտարկմանը՝ պատերազմ է, հասկանալի է, Ռոգոզինը արձագանքել է.
«Այդուհանդերձ: Բացի դա, պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզած փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»,- ավելացրել է նա:
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ այն դեպքում, եթե կա՛մ Ադրբեջանի կա՛մ Հայաստանի հետ դադարեցվի ռազմական համագործակցությունը, վայրկյանական այդտեղ կհայտնվի ՆԱՏՕ-ն ու ամերիկացիները.
«Ձեզ թվում է մյուսներն էլ կդադարեցնեն զենք մատակարարե՞լ: Հարցը դրանում չէ: Երբ մենք զենք ենք մատակարարում, մենք գիտենք, որ կա որոշակի հավասարակշռություն և հենց դա է հանդիսանում պատերազմը զսպող մեխանիզմ: Եվ երբ մենք գնանք այդտեղից, հենց դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, և նրանք այդտեղ իրական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով: Եվ հենց այդ զենքի շնորհիվ, որն ունի հարձակվողական բնույթ»,- փորձել է իր միտքը բացատրել Ռոգոզինը:
Ռոգոզինը նաև նշել է, որ սառեցված հակամարտությունը պետք է լուծում ստանա, քանի որ շփման գոտում ամեն օր մարդիկ են զոհվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Թալիշի և Մարտակերտի շրջաններում հակառակորդը դիմել է անմարդկային վայրագության՝ սպանելով և խոշտանգելով անզեն ծերերի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 64 զոհ, 121 վիրավոր, 1 անհետ կորած զինծառայող:
Ադրբեջանական կողմից կուրուստները հետևյալն են՝ 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, ավելի քան 200 զոհ, որոնցից, ըստ Ռազմինֆոյի, 88 զինծառայողների ինքնությունն արդեն հաջողվել է պարզել: